Այս տարի առողջապահության բյուջեն հանկարծակի եկածի բյուջեի տպավորություն է թողնում, որովհետև մենք բոլորս շատ լավ հիշում ենք, որ 2023 թվականից թմբկահարվում է առողջության պարտադիր ապահովագրության մասին, դա համարվում էր հեղափոխական նախագիծ, որը գլխիվայր պետք է փոխի առողջապահական համակարգը, ու հիմա տեսնում ենք, որ այդ փոփոխությունը չի կայանալու 2025-ին: Այս մասին NEWS.am Medicine-ի հետ զրույցում նշեց առողջապահության հարցերով փորձագետ Ծաղիկ Վարդանյանը:
«Արդյունքում շատ արագ, համարյա 2024 թվականի կրկնությամբ ֆինանսական և ոչ ֆինանսական ցուցանիշներով բյուջեն հաստատվեց առողջապահության մասով:
Շատ տխուր բյուջե է, առանց դեպի առաջ ցուցանիշների: Դա շատ օբյեկտիվ է, քանի որ որոշել էինք, որ ունենալու ենք առողջապահության ապահովագրություն, բայց ունեցանք այն, ինչ ունենք հիմա»,-ասաց նա:
Հարցին՝ ինչո՞ւ չներդրվեց առողջապահության պարտադիր ապահովագրությունը, Վարդանյանը պատասխանեց. «Պարտադիր ապահովագրության դեպքում մենք երբեք չպետք է վախով արթնանայինք ու մտահոգվեինք, որ հանկարծ, եթե ինչ-որ պատահական, ծանր սրտային կամ այլ խնդիրներ ունենանք, կանգնելու ենք փաստի առաջ: Այս համակարգը Հայաստանի համար անհրաժեշտ է, նույնիսկ ուշացած է, բայց ցավոք սրտի, այս պահին չունենք այն բազան, այն կուտակած նախապայմանները, որպեսզի կարողանանք ունենալ ապահովագրություն:
Հիմա իրենք ասում են՝ դրա համար փող չկար: Հիմա ես իրենց ուզում եմ հարց տալ՝ 2023 թվականի փետրվարին նույն կառավարությունը հաստատել է մի փաստաթուղթ, որը կոչվում է առողջության համապարփակ ապահովագրության հայեցակարգ: Այնտեղ հստակ գրված է, որ 2024-ին պետությունը պետք է 185 մլրդ դրամի սուբսիդիա տրամադրի: Ու հիմա տեսնում ենք, որ «փոշմանել են»: Իրականում ոչ թե փող չկա, այլ սա ուղղակի կամ PR ակցիա է, կամ էլ հաշվարկների մեջ դիլետանտ մոտեցում։
Իրականում, ընդհանուր առմամբ, պատրաստ չեն ենթակառուցվածքները»,-ասաց նա:





