Բազմաթիվ դեպքեր ունենք, երբ որ կոսմետոլոգիական կենտրոնը դիմում է լիցենզավորման և չի ստանում լիցենզիա, որովհետև չի համապատասխանում պահանջներին: Այս մասին այսօր՝ հունվարի 14-ին, տարեկան ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ նշեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ Երևանի տարբեր հատվածներում ներարկումային կոսմետոլոգիական կենտրոններ են գործում, որոնց վերահսկողությունը իրականում բարձիթողի վիճակում է:
Սա անընդհատ գործընթաց է, կարող է կազմակերպությունը մի քանի անգամ դիմելուց և խնդիրները վերացնելուց հետո լիցենզավորվի։ Բայց այստեղ մենք այլ տեղում ունենք անելիքներ, որոնք մեկնարկել ենք և առաջիկայում կամփոփենք։ Լիցենզավորման ողջ գործընթացի պարբերականության մեջ մենք փոխեցինք օրենքը և այսուհետև բժշկական կազմակերպությունները լիցենզավորվելու են ամեն հինգ տարին մեկ։ Սա մեզ տալու է հնարավորություն, որ անընդհատ այն պահանջները, որոնք փոխվում են, բժշկական կենտրոնը ժամանակ առ ժամանակ հավաստի, որ ինքը այդ պահանջներին համապատասխանում է»,-ասաց նախարարը:
Նա ընդգծեց, որ հաջորդը լիցենզավորման կանոնների վերանայումն է. «Թե վիրաբուժական, թե ամբուլատոր և թե կոսմետոլոգիական ծառայությունների մասով, այս պահին ամբողջական լիցենզավորման պահանջների վերանայված փաստաթուղթը գտնվում է շրջանառության մեջ, այսինքն խստացվելու են պահանջները: Երբ մենք իրականացնում ենք վիրաբուժական միջամտություններ, ապա վերակենդանացման ծառայությունների, բժիշկների պատրաստվածության, հագեցվածության մասով մենք գնում ենք խստացման, սա շատ կարևոր է։ Եվ հաջորդիվ, եթե հայտնաբերվում են խնդիրներ, ապա դրանք միանշանակ կասեցվում են լիցենզիաները։ Վերջերս էլ ունեցել ենք արդեն կասեցված լիցենզիաներ, որի շրջանակներում այդ կազմակերպությունները այլևս չեն կարող իրականացնել իրենց գործընթացը»,-ասաց նա:
Ավանեսյանը նկատեց, որ Հայաստանում կոսմետոլոգիական ծառայությունները, պլաստիկ վիրաբուժական ծառայությունները բավական զարգացած են, եւ ՀՀ-ում դա բժշկական տուրիզմի ճյուղ է. «Այս ճյուղը առաջնահերթ է մեզ համար, բայց որպեսզի մենք ունենանք կայուն աճ, պետք է չլինեն առանց պատշաճ որակի վերահսկման կազմակերպություններ: Սա է ճանապարհը՝ խստացնել կանոնները, պարբերաբար լիցենզավորել և իհարկե ընթացիկ վերահսկողությունը շարունակել»:
Ավանեսյանն անդրադարձավ նաեւ սոցիալկան ցանցերով դեղորայքների գովազդին, որոնք Հայաստանում անգամ գրանցված չեն. «Սոցիալական կայքերի և հարթակների ընդհանուր փոփոխությունը հանգեցրել է նրան, որ գովազդի վերահսկողությունը չափազանց բարդացել է: Հեռուստատեսությամբ և այլ լրատվամիջոցներով իրականացվող գովազդի նկատմամբ շատ խիստ պահանջներ ունենք և դրանք շատ հեշտ է վերահսկել, բայց երբ անթիվ, անհամար սոցիալական կայքերի և օգտատերերի կողմից իրականացնում են գովազդներ, սրանք շատ դժվար է վերահսկելը։
Մենք նաև ինքներս մեր լիցենզավորման բաժնում անընդհատ մոնիտորինգ ենք անում տարբեր որոնողական տեխնոլոգիաների միջոցով, երբ որ հայտնաբերում ենք, դիմում ենք տեսչական մարմիններին: Բայց ընդհանուր առմամբ այս խնդիրը ակտուալ է ոչ միայն Հայաստանում, այլ ամբողջ աշխարհում, երբ որ սոցիալական կայքերում անպատշաճ գովազդը շատ դժվար է վերահսկելը»:
Դիտարկմանը, որ հաճախ կոսմետոլոգիական կլինիկաներում աշխատողները պարզապես բժշկական ինչ-որ կուրսեր են անցնում, սակայն չունեն բժշկական կրթություն, նախարարն արձագանքեց. «Ցանկացած տիպի բժշկական միջամտություն, անձի ախտորոշմանը, բուժմանը, հետազոտմանը, նրա առողջական վիճակի փոփոխությանը հանգեցնող միջամտությունը պետք է իրականացվի համապատասխան կրթություն, համապատասխան հավաստագիր ունենալու պարագայում լիցենզավորված կազմակերպության կողմից։ 2025 թվականին ուժի մեջ կմտնի նաև բժիշկների լիցենզավորման օրենքը, որ առաջին փուլով կվերաբերվի օրդինատորական կրթություն անցնող մեր բուժաշխատողներին, այնուհետև կտարածվի բոլորի վրա: Սա ևս կարևոր որակի վերահսկման գործիք է, որը մենք ներդրել ենք և առաջիկա տարիներին կունենանք արդեն»:





