Էլեկտրոնային դեղատոմսերի շղթան չի աշխատում և չէր էլ աշխատելու, որովհետև մեր ենթակառուցվածքները պատրաստ չէին այսպիսի կտրուկ փոփոխության, չի կարելի այսպես միանգամից իրականացնել այս հանրության բոլոր շերտերին վերաբերվող փոփոխություն և ակնկալել, որ դա միանգամից ստացվելու է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց «Առողջապահության իրավունք» իրավապաշտպան հասարակական կազմակերպության համահիմնադիր Ծաղիկ Վարդանյանը:
«Շեշտը դրված է նրա վրա, որ դեղատները այս խնդիրները չեն լուծում, բայց դեղատները այստեղ շատ խելոք են վերաբերվում: Եթե նույնիսկ Հայաստանում գործող մոտ 2500 դեղատնային գործունեություն իրականացնող կազմակերպությունները կտրուկ հրաժարվեն այդ դեղերը առանց էլեկտրոնային ուղեգրման տալու, կստացվի մի իրավիճակ, որ սև շուկան ակտիվորեն զարգանալու է: Բնակիչը գտնելու է այդ դեղը, գտնելու է շատ ավելի անորակ, չգրանցված և այլ դեղեր: Հետևաբար, այստեղ պետք է լուծումը տեսնել շատ ավելի ճկուն ձևով, այսպես պարտադրանքով չի ստացվելու: Դուք պատկերացնո՞ւմ եք, մարդը վատ վիճակում է կամ տան անդամը կամ երեխան, և նրան մերժում են ինչ-որ դեղ տալ: Սա նաև մենթալիտետային, և մշակույթի խնդիր է»,-ասաց նա:
Ծաղիկ Վարդանյանի համոզմամբ, սկզբից պետք է գնային գոնե և՛ թղթային, և՛ էլեկտրոնային դեղատոմսի տարբերակով, չպարտադրվեր հենց հատկապես էլեկտրոնային տարբերակը. «Ամենևին համաձայն չեմ լիազոր մարմնի ղեկավարի այն մտքին, որ էլեկտրոնային այդ շղթան շատ չքնաղ է աշխատում: Միայն մեկ ֆակտոր նշել, որ Երևան քաղաքի տարբեր մասերում պարբերաբար հոսանքազրկվում են, պարբերաբար ունենում ենք կապի խնդիր ինտերնետային և այլն: Միայն դա բավական է, որ մարդը ժամերով պոլիկլինիկայից կամ ամբուլատորիայից գա հասնի այլ դեղատուն: Հետևաբար թույլ տվեք, որ դա թույլատրվի նաև թղթային տարբերակով»:
Նա նկատեց, որ էլեկտրոնային դեղատոմսով դեղեր դուրս են գրվում միայն անվճար, արտոնյալ պայմաններով տրվող դեղերի համար. «Շատ քիչ քանակ է վաճառվել էլեկտրոնային դեղատոմսերով։ Սա նշանակում է, որ մոտեցումը ճիշտ չէ:
Նաև խնդիր կա պոլիկլինիկաներում, որտեղ բժիշկները շատ-շատ ծանրաբեռնված են, և բազմաթիվ բողոքներ կան, երբ մարդիկ ասում են՝ բժիշկը ուղղակի դուրս չգրեց, չհասցրեց, չուներ հոսանք, շատ ծանրաբեռնված էր, ես արդեն մի քանի ժամ է սպասում եմ: Հերթագրման մեխանիզմներ կա, որոնք որ ամբողջովին ներդրված չեն:
Այս տեխնիկական խնդիրներին գումարվում են մենթալիտետային ու մշակույթային խնդիրները և ստացվում է, որ թղթի վրա ամրագրված կառավարության որոշման կատարումը ձգտում է զրոյի»,- հայտարարեց Վարդանյանը՝ կրկնելով, որ եթե կառավարությունը շարունակի պարտադրել էլեկտրոնային դեղատոմսերը, շատ մեծ թափով զարգանալու է սեւ շուկան:
«Ես նաև հիշեցնեմ, որ առողջության առաջնային պահպանման բժիշկները՝ թերապևտներ, ընտանեկան բժիշկներ և մանկաբույժներ, որոնց միջին տարիքը 56-57 տարեկանից բարձր է, վարժ չեն կարողանում օգտագործել սմարթֆոնները և չեն էլ ուզում, որովհետև իրենց զբաղվածությունը, գործողությունների շրջանակը չի ենթադրում, որ շատ լավ պետք է տիրապետեն այդ ամեն ինչին: Պարտադրանքով չեն ստանալու այն արդյունքը, ինչ որ ուզում են ստանալ:
Պարտադրանքով ստանալու ես հակազդեցություն, մարդիկ գտնելու են ճանապարհը և ավելի «կոմֆորտ» են իրենց զգալու, գտնելու են այլ տեղերից դեղ գտնելու տարբերակները»,- ընդգծեց նա:





