Միանգամից ուզում եմ փարատել բոլորի մտավախությունները, որևէ բժշկական կենտրոն չի փակվելու, որևէ բժշկական կենտրոն չի կրճատվելու և մարզային բոլոր բժշկական կենտրոնները շարունակելու են գործել իրենց տեղերում։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 1–ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Հակառակը, պետությունը վերջին տարիներին մեծածավալ կապիտալ ներդրումներ է իրականացրել մարզային բժշկական կենտրոնները կառուցելու, վերակառուցելու, հագեցնելու վրա, և այս քաղաքականությունը շարունակվելու է։ Այս պահին էլ մենք ունենք միայն առողջապահության նախարարության կողմից իրականացվող մոտավորապես 13 շինարարական ծրագրեր, որոնք շարունակելու ենք և նաև մեր գործընկերները, քաղաքաշինության կոմիտեն և ՀՏԶՀ-ն իրենց մասերով այս գործընթացը շարունակվելու է։
Հարցը վերաբերվում է, որպեսզի մենք ունենանք միասնական տրամաբանությամբ և ծախսարդյունավետ կառավարվող հիմնարկներ, որպեսզի մեր գումարները, որ մենք վճարում ենք ծառայությունների դիմաց, ոչ թե գնան կառավարչական, վարչական, անհասկանալի ուռճացված ծախսերը բավարարելուն, այլ կոնկրետ ծառայությունները սպասարկելուն և մեր բնակչությանը որակյալ բուժօգնություն տրամադրելուն»,–ասաց նա։
Նախարարը խոսեց մարզային բժշկական կենտրոնները նախարարության ենթակայության տակ անցնելու և առաջիկայում որոշակի կառավարչական փոփոխությունների մասին. «Արդեն իսկ ավարտվել է առողջապահության նախարարության ենթակայության տակ անցնելու գործընթացի ձևակերպումները։ Այս մասով մենք վերջին վեց ամիսներին մեծ աշխատանք ենք իրականացրել նույնական հաշվետվողականության ձև սահմանելու, որպեսզի հստակ կարողանանք վերահսկել մեր բժշկական կենտրոնների ինչպես զուտ բուժական գործունեության կազմակերպման հետ կապված ցուցանիշները, այնպես էլ ֆինանսական ցուցանիշները։
Պետությունը հանդիսանալով այդ կենտրոնների հիմնադիր, առաջին հերթին, ունի նպատակ այդ բժշկական կենտրոնների օգնությամբ մաքսիմալ որակյալ բժշկական ծառայություններ մատուցել։ Մենք այս ՓԲԸ–ների կառավարմանը մոտենում ենք որպես կորպորատիվ կառավարման սկզբունքներին համապատասխան շահույթ գեներացնելու և պետության ներդրումները ճիշտ ձևաչափով վերադարձնելու, մեծացնելու և ընդլայնելու տրամաբանության մեջ։
Մեր ֆինանսավորման սկզբունքը այնպիսին է, որ մենք ծառայությունը գնում ենք, անկախ նրանից դա պետական բժշկական կենտրոն է, մասնավոր է, մենք ունենք հստակ չափորոշիչներ ծառայության որակին վերաբերելի և փոխհատուցում ենք մեր գինը այնպես, որպեսզի բժշկական կենտրոնները ունակ լինեն որակյալ ծառայություններ մատուցել»,–ասաց նա։





