2026 թվականի բյուջեի մեջ, որը կառավարությունը հաստատել է, համապարփակ ապահովագրության բարեփոխման ֆինանսական կտորը ներառված է։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 1–ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Դա ֆիքսում ենք, որ 2026 թվականից մենք սկսում ենք բարեփոխումը։ Հաջորդիվ մեր միջգերատեսչական հանձնաժողովի քննարկումները ամփոփված են, երեկ ենք դրել Idraft համակարգում արդեն լրամշակված օրենսդրական փաթեթը։

Մեր նախագծի մեջ ապահովագրության ներդրումը եռամյա փուլային շրջանակներում է ամրագրված, և մենք սկսում ենք 2026 թվականից, ներառելով բնակչության հետևյալ խմբերը.

Մինչև 18 տարեկան երեխաները պետության 100% սուբսիդավորմամբ կներառվեն ապահովագրության համակարգ 2026–ին,

65 տարին լրացած քաղաքացիները ևս 2026 թվականից կներառվեն ապահովագրության համակարգում։ Ամենամեծ ծավալը հենց այս խումբ քաղաքացիներն են։

Հաջորդիվ գալիս են 18-ից 65 տարեկան հաշմանդամություն ունեցող քաղաքացիները,

Նաև անապահովության 28 բալ ունեցող քաղաքացիները, այս համակարգը ևս փոփոխման մեջ է։

2026–ից ապահովագրության համակարգում կներառվի նաեւ 200.000 դրամից ավելի ամսական եկամուտ ունեցող անձանց խումբը, որը մոտ 190 հազար է»,–ասաց նախարարը։

Անդրադառնալով հասարակության մեջ ձեւավորված ակնկալիքի մասին, Ավանեսյանն ասաց. «Ինձ վերջին մեկ տարվա ընթացքում հարցնում են, թե երբ ենք մենք ներառվելու այդ համակարգում։ Ընդառաջ գնալով մեր աշխատող քաղաքացիների պահանջին որոշում կայացրեցինք, որ այս սանդղակը կլինի 200 000 դրամից ավել ստացողներին առաջին փուլով կներառենք ապահովագրության շրջանակներում։ Սա բավական մեծ խումբ է, որ մենք ներառում ենք հենց առաջին փուլով։

Ընդհանուր առմամբ, 2026 թվականին պարտադիր ապահովագրությունը 1,6 մլն մարդու է վերաբերելու։ Ապահովագրության համապարփակ համակարգ ներառվելու են պետության կողմից նաև 100% սուբսիդավորվող միայն այն ՀՀ քաղաքացիները, որոնք հանդիսանում են ռեզիդենտ։ Այսինքն Հայաստանում 183 օր ապրելու պահանջը ֆիքսված է օրենքում»։

Ավանեսյանն անդրադարձավ նաեւ ապահովագրական փաթեթի արժեքին. «Հաշվի առնելով մեր տնտեսական զարգացման տեմպերը, մեր հնարավորությունները և այն նկատառումը, որ պետք է մեկնարկել և ընթացքում ընդլայնել, մեծացնել ծառայությունների փաթեթը, առաջին փուլի համար սահմանել ենք 129 600 դրամի շրջանակներում։ Այն իր մեջ ներառում է կանխարգելիչ, վաղ հայտնաբերմանը ուղղված սկրինինգային ծրագիր, հիվանդանոցային ծրագրեր, դեղորայքային ապահովում, շտապօգնության ծառայություններ։ Այս ծառայությունները հստակ կառավարության որոշմամբ սահմանվելու են:

Մենք ոչ թե ասելու ենք՝ ապահովագրությունը փակում է ամեն ինչ, բացի սրանից, բացի նրանից, որ սովորաբար փոքր տառերով լինում է պայմանագրերի մեջ, որ մարդը շփոթվի, թե ինչ է ի վերջո իրեն հասնում, մենք հակառակն ենք ֆիքսելու, հստակ ծառայությունները ամրագրված են լինելու և ամեն քաղաքացի շատ պարզ ձևով տեսնելու է, թե այս ծառայությունը ապահովագրության շրջանակներում փակվում է, թե ոչ։

Ինչպե՞ս ենք ընտրել, ընտրել ենք ամենամեծ հիվանդացության և մահացության բեռ ունեցող հիվանդությունները և այդ բեռը առաջնային ներառել ենք այս փաթեթի շրջանակներում։

Մենք ունենալու ենք մեկ բազային փաթեթ, որին ի լրումն շարունակելու են գործել մասնավոր ապահովագրական ընկերությունների կողմից տրամադրվող հավելյալ ծառայություններ ներառող պլյուս փաթեթները»։