Առողջապահական ոլորտը սպեցիֆիկ, շատ տերմիններով ծանրաբեռնված ոլորտ է և մեր նպատակն է պարզ լեզվով հասցնել բարդ համակարգը մեր քաղաքացիներին։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 1–ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Անդրադառնալով պարտադիր բժշկական ապահովագրմանը, նա նշեց. «Այն քաղաքացիների մասով, որոնք սուբսիդավորվելու են պետության կողմից, նրանք ևս ակտիվ վարքագծով պիտի քայլ անեն ապահովագրության ռեգիստրում ներառվելու համար։ Քաղաքացին պիտի դիմում գրի և այդ ամբողջ համակարգը հիմա այսպես կազմավորման փուլում է։ Պարզ մեխանիզմ է լինելու առանց բարդացումների, բայց այո անձը պիտի ակտիվ համաձայնի ապահովագրական համակարգ ներառվելու համար։ Մենք ավտոմատ ոչ մեկին համակարգ չենք մտցնելու»։
Ավանեսյանը տեղեկացրեց, որ ապահովագրական համակարգը ներդրվում է 2026–ին, սակայն ամսաթվի շուրջ դեռ հստակություն չկա։
Ինչ վերաբերում է բռնի տեղահանված արցախցիներին, նախարարն ասաց. «Այսօր նրանք օգտվում են պետական պատվերի շրջանակներում և շարունակելու են օգտվել մինչև ապահովագրության ներդրման շրջափուլը ավարտվի: Բայց ապահովագրության մեջ ներառվելու համար ՀՀ քաղաքացի դառնալը նախապայման է։ Այսինքն ունենք երկու նախապայման և սա բոլորի համար է, անգամ մեր հայրենակիցները, ովքեր այլ երկրի քաղաքացիներ են և ապրում են Հայաստանում։ Անձը պիտի լինի Հայաստանի քաղաքացի և պիտի լինի ռեզիդենտ։ Այս երկու նախապայմանը կա»։





