Այսօր մենք ունենք բժշկական ծառայություններից թերօգտվելու խնդիր, որովհետև մարդիկ ունեն ֆինանսական խնդիրներ բժշկական ծառայություններից օգտվելու, բայց ունենք նաև խնդիր, որ մարդիկ, երբ որ օգտվում են դանակը ոսկորին հասնելու ժամանակ, այդ ծառայությունների համար մենք վճարում են շատ ավելի թանկ։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 1–ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ պարտադիր ապահովագրություն ներդնելու դեպքում մարդիկ, որոնք ֆինանսական դժվարություններից ելնելով չէին դիմում բժշկի, միանգամից կդիմեն և արդյոք համակարգը կկարողանա սպասարկել բոլորին միանգամից։
«Մեր մոտեցումը նա է, որ ծառայությունները հասանելի լինեն այն ժամանակ, երբ որ դրանք ծախսարդյունավետ են, պետության և մարդու բյուջեի համար այդ ծառայություններից օգտվելը ծախսատար չէ այդքան և նպաստել, որ մարդիկ ճիշտ վարքագիծ դրսևորեն իրենց առողջության հետևելու համար։
Բոլորը չեն կարող գնալ բժիշկի, որովհետև մեր այս տարիների աշխատանքը և արված ապահովագրության շրջանակներում գործելակարգերի և հստակ ալգորիթմների սահմանումները մեզ տալու են այդ շրջանակները, որ բժշկի գնում են և որոշակի ծառայություններ ստանում են այն դեպքում, երբ դա ցուցված է բժշկի կողմից, այսինքն անհրաժեշտությունից, կարիքից ելնելով։
Մենք հաճախ կատակում ենք, որ երկու ծայրահեղ մոտեցումներ ունենք, որ մարդը գնում է բժշկի միայն շտապօգնության միջոցով, երբ իսկապես էլ չի կարողանում սիմպտոմները կառավարել, կամ էլ երբ որ մի հատ փռշտում է։ Այս երկու ծայրահեղություններից մենք պիտի գանք ճիշտ վարքագծի։
Այո, բոլոր գլխացավերի և մեկ անգամ փռշտալուց MRT հետազոտություն չի նախատեսում ապահովագրությունը և դա վնասակար է և մեր համակարգը պիտի դա կանխի։
Հաջորդը, արդյոք մեր ծավալները բավարա՞ր են. այո, մենք գնում ենք եռամյա փուլային ներդրմանը, որպեսզի զուգընթաց ծավալները և բժշկական կենտրոնները կարողանան այս ծավալները համահունչ ընդունել»։





