Այսօր էլ շատ գործատուներ իրենց աշխատողների բժշկական ապահովագրությունը վճարում են և այստեղ էլ օրենքը նույնական թողնում է այդ հնարավորությունը. դա կվճարի գործատուն, թե կվճարի աշխատողը, դա իրենց համաձայնությամբ է։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 1–ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով նրան, որ 2026–ից երեք փուլով ներդրվում է առողջության համապարփակ ապահովագրությունը։

«Ես վստահ եմ, որ գործատուներին շատ ավելի ձեռք է տալիս իրենց աշխատողների առողջ լինելը, ճիշտ ժամանակին այդ հոգսերը հոգալը, որպես նաև խթանող երաշխիքներ մեր գործատուները տալիս են։ Իսկ պետությունն էլ նրանց շահութահարկի որոշակի նվազեցում է անում, դա ծախսագրում է։ Այստեղ ես վստահ եմ, որ շատ լավ գործատուները արձագանքելու են և շատ պարագաներում վերցնելու են իրենց վրա այդ բեռը»,–ասաց նա։

Հարցին՝ ո՞ր հիվանդություններն են ընդգրկվելու պարտադիր բժշկական ապահովագրության մեջ, նախարարը պատասխանեց. «Մենք կառուցել ենք ալգորիթմներ ախտորոշումների և վիճակների մասով։ Թոքաբորբի օրինակով վերցնեմ, անձը ունի սիմպտոմներ, ջերմություն և այլն։ Առաջինը նա դիմում է իր ընտանեկան բժշկին  և նրա պոլիկլինիկա կամ ամբուլատորիա։ Այնտեղից արդեն գնահատելով ախտորոշումը, վիճակը, սիմպտոմները, բուժումը կընթանա կամ ամբուլատոր օղակում, ըստ մեր ալգորիթմների, կամ եթե ունենք ծանրացում, եթե ունենք հոսպիտալացման հստակ ցուցումներ, ապա կգնա արդեն հիվանդանոցային բուժօգնության, որը ևս ապահովագրությունը կփակի։

Հիվանդանոցային բուժօգնության մեջ, մենք ունենք դեղորայքային ամենօրյա ծախսի շրջանակներ, օրինակ, օրական 50 հազար դրամից ավել դեղորայքային կարիքը, որը մենք գնահատել ենք, որ շատ բացառիկ դեպքերում էլինում, կփակի ապահովագրությունը։ Հավելյալ ծառայությունները, որոնք այս բաների մեջ չեն մտնի չափորոշիչների, արդեն անձը կփակի ինքը կամ մասնավոր ապահովագրությունը։

Այստեղ ուզում եմ, որ շատ հստակ լինի մեր ակնկալիքները։ Շատ կարևոր է չմտածել, որ ամեն ինչ ապահովագրությունը փակում է, որևէ երկիր նման համակարգեր չունի»։