Դե, կարող են ուսանողները ավելի հեռուն գնալ և պահանջել, որ չեղարկվեն ընդունելության քննությունները, միջանկյալ քննությունները, ավարտական քննությունները։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 1–ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով նրան, որ բժշկական համալսարանի ուսանողները պահանջում են չեղարկել անցումային անհատական լիցենզիա ստանալու համար քննությունը, քանի որ բոլոր հերացիականները հանձնել են արդեն այդ ձևաչափով քննություն, և նաև չկա համապատասխան անվճար հայերեն գրականություն։

«Մենք ուզո՞ւմ ենք որակյալ բժշկական օգնություն, բոլորս էլ ուզում ենք, մենք ուզո՞ւմ ենք, որ մեր բժիշկները լինեն գիտակ, ունենան էթիկական նորմերի իմացություն, մեզ հետ «դուք»–ով խոսեն։ Իհարկե, ուզում ենք և մենք շատ մեծ ջանքեր ենք դրա մեջ ներդնում։ Մենք ուզում ենք, որ մեր քաղաքացիները չասեն՝ այ Գերմանիայում այսպես է, այ Իսրայելում այսպես է։

Իսկ ինչպե՞ս են քննությունը հանձնում հիմա բժշկական համալսարանում, իհարկե օգտվում են միջազգային գրականությունից։ Այսօր որևէ ուղղությամբ մարդը չի կարող մասնագետ դառնալ, եթե չտիրապետի լեզուների։ Ի՞նչն է պակաս, թող սովորեն լեզուներն էլ, գրականությունն էլ։ Հակառակը, պիտի մենք հասկանանք, որ այս լիցենզավորումով մենք մեր օրդինատորներին և ռեզիդենտներին օրինական հնարավորություն ենք տալիս աշխատելու, սովորելու գործնական հմտություններ, որ չստացվի, որ երեք տարի օրդինատուրա ավարտած բժիշկը գնա բժշկական կենտրոն ու առաջին անգամ պացիենտի հետ սկսի սովորել։

Նման պահանջները ուղղակի զավեշտալի են, ամոթ է, պետք է սովորենք քաղաքակիրթ կրթական և լիցենզավորման համակարգը ներդնել»,–ասաց նախարարը։