Աշխատող անձանց առողջության ապահովագրության ֆինանսական բեռը մեղմելու համար առաջարկվում է զինծառայողների ապահովագրության հիմնադրամին հատկացվող գումարների մի մասն ուղղել առողջության ապահովագրությանը։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 1–ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, հավելելով, որ այդպիսի հնարավորություն նախատեսված է առողջության համապարփակ ապահովագրության օրենսդրական փաթեթով։
««Զինապահ» հիմնադրամին ուղղվող մեր ամսական վճարների շրջանակներում որոշակի հատվածը, այս մասով էլ հաշվարկները ներառված են փաթեթի մեջ, հնարավոր է ուղղել առողջության ապահովագրությունը փակելուն։
Ի՞նչ ենք մենք արել։ Փորձել ենք մարդու այսօր արդեն արվող ծախսը, որը նա արդեն իսկ անում է այսօր, նրան տալ հնարավորություն, որ նա այդ ծախսը անի առողջության համար։ «Զինապահ» հիմնադրամի հաշվարկները և այն, ինչ որ մենք վճարել ենք, և այն իրավիճակը, որ մենք ունենք այսօր, մեզ դա թույլ են տալիս։ Սա շատ կարևոր հնարավորություն է, որ մեր քաղաքացիները, երբ որ համակարգը նոր է սկսելու գործարկվել և իրենք առաջին անգամ պիտի ներառվեն ու օգտվեն, կառավարությունը որոշել է, որ այդ ֆինանսական բեռը հնարավորինս մեղմվի», – ասաց նախարարը։





