Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը տեսանյութ է հրապարակել, որտեղ ներկայացրել է ամփոփ տեղեկատվություն Հայաստանում սուր շնչական վարակներով համաճարակային իրավիճակի մասին։
Նա, մասնավորապես, նշել է. «Մենք ամենօրյա մոնիտորինգ ենք իրականացնում թե հիվանդացության և թե ԱԱՊ հիվանդանոցային օղակ և շտապօգնության ծառայության դիմելիության աճի մասով, և, իհարկե, մանկապարտեզներում և դպրոցներում բացակայությունների թվի մասով:
Հարգելի քաղաքացիներ, ընդհանուր դպրոցների կամ մանկապարտեզների դասապրոցեսը կանգնեցնելու մենք իրավիճակ չունենք, սակայն մենք ունենք շատ հստակ մեթոդ և գծագրված աշխատանքի մեխանիզմ, որ այն դասարանները, որտեղ բացակայությունների թիվը 20%-ից ավել է, այդ դասարանները կարող են անցնել հեռավար ուսուցման։ Մենք մեր կրթության գործընկերների հետ ամենօրյա կապի մեջ ենք և այս հետմոնիտորինգի արդյունքներով դասարանները ինքնուրույն կարող են անցնել հեռավար դասապրոցեսի, որ մի կողմից պաշտպանենք մեր երեխաների առողջությունը և հնարավորություն տանք, որպեսզի վարակի թվաքանակն այդ դպրոցներում իջնի, մյուս կողմից էլ չխաթարենք ընդհանուր հանրապետությունով դասապրոցեսը։
Բոլոր համաճարակաբանական գործիքները կիրառվում են ըստ ցուցման, և եթե լինի համաճարակաբանական այնպիսի իրավիճակ, որ կարիքը կլինի ընդհանուր դասապրոցեսի մասին որոշումներ կայացնել, ապա մենք դա կանենք»։
Նախարարը նաև կոչ արեց քաղաքացիներին օր առաջ պատվաստվել. «Որովհետև այսօր շրջանառվող գրիպի շտամը ատիպիկ շտամ է և բավական ագրեսիվ է։ Դրա պատվաստանյութում առկա հակամարմինները, վստահ եղեք, պաշտպանական շերտ կձևավորեն և չեք վարակվի այս տարվա այս ագրեսիվ շտամով կամ վարակվելու պարագայում շատ ավելի թեթև ախտանշաններով կտանեք»,– ընդգծեց Ավանեսյանը։





