Այո, երկու համալսարաններում միաժամանակ մագիստրատուրայում սովորել եմ, այդ ընթացքում էլ երեխա եմ ունեցել, դա էլ հասցրել եմ անել։ Այս մասին այսօր, փետրվարի 11-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, անդրադառնալով իր կենսագրության մասին վերջին հրապարակումներին, որոնցում կասկածի տակ է դրվել երկու մագիստրատուրայում միաժամանակ սովորելու փաստը։
«Երևանի պետական համալսարանի բակալավրիատը ավարտել եմ գերազանցության դիպլոմով և չէի կարող մագիստրատուրայում սովորել, եթե բակալավրի դիպլոմ չունենայի», - ասաց նա, անդրադառնալով նրան, որ իր կենսագրությունում բալավրիատը ավարտելու փաստը նշված չի եղել։
«Դպրոցն էլ ավարտել եմ Նիկոլ Աղբալյանի համար 19-ը դպրոցը գերազանցությամբ, մասնակցել եմ դպրոցական բոլոր ակտիվ նախաձեռնություններին։ Ավարտել եմ Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի բակալավրիատը գերազանցությամբ։ Հաջորդիվ ավարտել եմ Երևանի պետական համալսարանի մագիստրատուրան քաղաքացիական իրավունք մասնագիտացմամբ և էլի շատ գերազանց առաջադիմությամբ։ Նույն տարում, երբ որ սովորել եմ Երևանի պետական համալսարանի մագիստրատուրայի երկրորդ կուրսում, այդ ընթացքում ընդունվել եմ նաև Հայաստանի ամերիկյան համալսարան LLM ծրագրով։ Այդ տարի սովորել եմ երկու տեղում մագիստրատուրա, և այդ հնարավորությունը ունեցել եմ, որովհետև դասաժամերը շատ տարբեր ժամերի էին։ Այդ ընթացքում էլ ունեցել եմ առաջնեկիս և դարձել եմ մամա։ Հուսամ, չե՞ք կասկածում, որ այդ ժամանակ եմ երեխա ունեցել։ Հաջորդթիվ նորից և՛ աշխատել եմ, և՛ շարունակել եմ երեխա ունենալ, ևս երկուսը, և նորից հասցրել եմ։ Հիմա էլ նախարար եմ, էլի հասցնում եմ պարել, մամա լինել, կին լինել», - ասաց նա։





