Հավաքագրած տվյալների հիման վրա, մեր կանխատեսված ծանրաբեռնվածության պայմաններում մենք ստացել ենք համապատասխան գին, որը հնարավորություն կտա բժշկական կազմակերպություններին ապահովել ամբողջությամբ նախատեսված ծախսերի փոխհատուցումը՝ վարձատրության, դեղորայքի, հետազոտությունների իրականացման հետ կապված, ու նաև հնարավորություն կտա բուժհիմնարկներին կատարել համապատասխան ներդրումներ սարքավորումների և պայմանների բարելավման և բուժհիմնարկի զարգացման առումով: Այս մասին NEWS.am Medicine-ի հետ զրույցում ասաց Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Խարազյանը, պատասխանելով այն հարցին, թե ինչու են ապահովագրության շրջանակում ծառայությունների փոխհատուցման գներն ու բժիշկների վարձավճարները ցածր սահմանվել, ինչի մասին բարձրաձայնում են բժիշկները։
Նա նշեց, որ գները հաշվարկվել են հատուկ մեթոդաբանությամբ, հաշվի առնելով բազմաթիվ գործոններ, այդ թվում նաև ծառայությունների իրականացման ծանրաբեռնվածությունը։ Նա վստահեցրեց, որ այդ հաշվարկները նույն կերպ չեն իրականացվել, ինչպես արվում էր պետպատվերի ժամանակ, երբ որ հաշվի էին առնվում բյուջետային սահմանափակ հնարավորությունները․ «Մենք գների հաշվարկումը ներկայումս չենք իրականացնում բյուջեի ծավալից ելնելով, գները հաշվարկվում են իրենց իրական ծախսերի հիման վրա», - ասաց նա։
Սամվել Խարազյանի խոսքով՝ իրեն հայտնի չեն դեպքեր, երբ բուժհաստատությունները հրաժարվել են ապահովագրությամբ աշխատել, ավելին, դիմող բուժհիմնարկների թիվը ավելի շատ է, քան նախկինում եղել են պետպատվերով աշխատող հիմնարկները։
Ինչ վերաբերում է բժիշկների դժգոհություններին ու այն պնդումներին, որ տնօրենները նվազագույն չափորոշիչներից բարձր սովորաբար չեն վճարում բժիշկներին, ԱՀԱՀ-ի ղեկավարը նշեց, որ ինքը նման տեղեկություն չունի, այլ ունի հակառակ տվյալներ։ «Մեզ ներկայացված տվյալներով բոլորովին այլ պատկեր է, այսինքն այդպիսի հայտարարությունները, իմ կարծիքով, հիմնված չեն օբյեկտիվ որևէ ցուցանիշի կամ տվյալի վրա, կամ միգուցե հիմնված են, բայց դրանք մեզ հասանելի չեն առայժմ, որովհետև մենք որոշակի տվյալներ ենք խնդրել արդեն իրականացված հաշվարկների վերաբերյալ, որոշ խոշոր բժշկական կազմակերպություններից, այդ թվում նաև մեր մարզային բժշկական կազմակերպություններից», - ասաց նա, հավելելով, որ մի քանի ամիս անց, իրավիճակի, դիմելիության կայունացումից հետո չի բացառում նաև փոխհատուցման գների ու բժիշկների վարձավճարների վերանայում։
Սամվել Խարազյանը նաև հայտնեց, որ բուժհիմնարկները կոնկրետ ծառայությունների ու պարագաների մասով պարտավոր են ունենալ գոնե մեկ ծառայություն կամ պարագա փոխհատուցվող գների սահմաններում, բայց այլընտրանքի դեպքում կարող են համավճարներ սահմանել։ Օրինակ, անվանի մասնագետի մոտ խորհրդատվությունը կարող է լինել համավճարով։
Մանրամասները՝ տեսանյութում։





