Պարտադիր առողջապահական ապահովագրության համակարգի ներդրումից հետո Հայաստանում բժիշկները բախվել են աշխատավարձերի զգալի կրճատման: Սակայն իշխանությունները դրանով չսահմանափակվեցին. այժմ բժշկական անձնակազմից լրացուցիչ գումարներ են գանձվում «արձակուրդի ֆոնդի» համար: Իրավիճակի մասին «Հայաստան» խմբակցության կազմակերպած խորհրդարանական քննարկման ժամանակ իր ելույթում հայտարարել է «Առողջության իրավունք» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Անուշ Պողոսյանը:

«Շատ բժիշկներ գրում են, որ իրենց աշխատավարձերը նվազել են և այժմ կազմում են 35 հազարից մինչև 65 հազար դրամ: Բուժաշխատողները վրդովված են, որ առողջոության պարտադիր ապահովագրության համակարգն, ըստ էության, ներդրվում է բժիշկների և բժշկական անձնակազմի հաշվին»,- նշել է Պողոսյանը: Ըստ նրա՝ իրավիճակը սրվում է բժշկական հաստատությունների ղեկավարների համար նոր հրահանգներով:

«Տնօրեններին արդեն հանձնարարվել է լրացուցիչ պահումներ կատարել արդեն իսկ ցածր աշխատավարձերից՝ ամեն ամիս պահելով աշխատավարձի ֆոնդի մոտավորապես 1/10-ը՝ արձակուրդի ֆոնդ ձևավորելու համար»,- ասել է նա: Պողոսյանը հայտարարել է նաև, որ բժիշկներին ստիպում են փաստացի ընտրություն կատարել՝ համաձայնել աշխատանքային պայմանների վատթարացմանը կամ լքել համակարգը։ 

Միևնույն ժամանակ, ըստ իրավապաշտպանի, բուժաշխատողներից միաժամանակ ոչ պաշտոնապես պահանջվում է սոցիալական ցանցերում դժգոհություն չհայտնել։ «Նրանց ուղղակիորեն ասվում է. սոցիալական ցանցերում բողոքներ մի՛ գրեք, թե չէ կազատվեք աշխատանքից։ Մինչդեռ նախարարին գովաբանել կարելի է, նույնիսկ խրախուսվում է»,- հայտարարել է Պողոսյանը։

Պողոսյանը նաև մեկնաբանել է առողջապահության նախարարի՝ բուժաշխատողներին աջակցելու մասին հայտարարությունները։ «Նախարարն ասում է, որ սիրում է բուժաշխատողներին։ Սակայն այդ սերը հնարավոր չէ օգտագործվել վարկերը մարելու կամ ապրելու համար»,- ընդգծել է իրավապաշտպանը։

Նա նշել է, որ ապահովագրական համակարգին վերաբերող մի շարք կարևոր հարցերի շուրջ բովանդակալից և կառուցողական քննարկում էր սպասվում, բայց նախարարության ներկայացուցիչների բացակայության պատճառով այն չստացվեց։ 

Մասնավորապես, նա նշել է նախարարության մի շարք նախաձեռնությունների պարզաբանման անհրաժեշտությունը, օրինակ՝ ինչ է նշանակում նախարարի հայտարարած մեկ շնչի հաշվով ֆինանսավորումը նախազորակոչային և զորակոչային տարիքային խմբերի համար, եթե այդ քաղաքացիներն արդեն իսկ ընդգրված են ապահովագրական համակարգում։ Նա նշեց նաև, որ անհասկանալի է մնում, թե ինչ պետք է անի քաղաքացին, եթե իր շտապօգնության կանչը տեղափոխվի առաջնային օղակի մակարդակի, հատկապես հաշվի առնելով տնային կանչերի հնարավոր վերացման մասին նախարարի հայտարարությունը: Բացի դրանից, նա բարձրացրեց քաղաքացիներին դեղորայքով ապահովելու համար հատկացվող միջոցների չափը։

Ըստ նրա՝ իշխանությունները պետք է հարցերին պատասխանեն ոչ թե հայտարարություններով, սոցիալական ցանցերի ռիլերով կամ TikTok-ի ծաղրական գովազդներով, այլ կոնկրետ փաստերով: «Միայն այդ դեպքում բուժաշխատողները կկարողանան ստանալ իրենց հուզող բոլոր հարցերի պատասխանները»,- եզրափակել է նա: