Առողջության համապարփակ ապահովագրության շրջանակներում փոխվել է փոխհատուցման ամբողջ տրամաբանությունը։ Այս մասին այսօր, մարտի 18-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, անդրադառնալով բժիշկների աշխատավարձերի հետ առաջացած խնդիրներին։

Լրագրողները նախարարից հետաքրքրվեցին, արդյո՞ք նա ստացել է բժիկներից նամակներ, և արձագանքել է բժիշկների բողոքներին, ինչի վերաբերյալ օրերս ԱԺ «Հայաստան» խմբակցությունում տեղի է ունեցել քննարկում։ Նախարարը նշեց, որ այսօր նա խորհրդարանում ներկայացրել է վիւճակագրություն, հաշվարկներ, բուժաշխատողների փոխհատուցման կարգը, բայց ոչ ոք իրեն հարց չուղղեց աշխատավարձերի մասին։

Այն դիտարկմանը, թե մարտին մի մասը բարձր աշխատավարձ է ստացել, մի մասը՝ շատ ցածր, և բուժաշխատողները տարակուսած են, նախարարը նշեց, որ փոխհատուցման տրամաբանությունն է փոխվել։

«Եթե մենք առաջ ունեինք սահմանված հաստիքային աշխատավարձ, անկախ նրանից, թե բժիշկը քանի պացիենտ կընդուներ, ինչ աշխատանք կտաներ, պացիենտները, ըստ էության, նրա մոտ կգնային բուժվելու, թե ոչ։ Ունեինք հստակ սահմանված, կցագրված բնակչությունից գոյացող աշխատավարձի ֆոնդ։ Հիմա ապահովագրության ամբողջ տրամաբանությունն այն է, որ մենք դուրս ենք գալիս աշխատանքը և դրա ծանրաբեռնվածությունը, հոսքը հաշվի չառնելու մեխանիզմից, անցում ենք կատարում ըստ դեպքի փոխհատուցման։ Եվ այո, ես հասկանում եմ, որ հունվար-փետրվար ամսին մենք այս անցման շրջանակներում դեպքերի գրանցման որոշակի ուշացումներ ունեինք, որը այս ամիս արդեն լրացվել է, և ըստ էության, ինչպես նշում եք, տեսնում ենք, որ մարտ ամսին, ուրեմն, արդեն վճարված աշխատավարձի մասով մեր բազմահազար բուժաշխատողներ տեսնում են ավելացումներ։

Բայց պիտի նշեմ, որ մենք ունենք մի քանի ուղղություններով խնդիրներ, որոնց պիտի անդրադառնանք։ Դրանք են պոլիկլինիկաներում ինֆեկցիոնիստները, ֆտիզիատները, և գինեկոլոգներ ունենք, որոնք պոլիկլինիկայում աշխատելով, փաստացի տեսնում ենք, որ պացիենտների չունեն սպասարկում։ Այսինքն, եթե նախկինում այդ հաստիքի վճարը չէր ենթադրում և չէր ցույց տալիս, օրինակ, ֆտիզիատրը ամսվա մեջ քանի պացիենտ է սպասարկել, մեկ, 10, թե 100։ Մենք հիմա առաջիկայում, մի երկու օրվա ընթացքում քննարկումներ ենք ունենալու հենց իրենց հետ և մենք պիտի փոխենք այս մասով նաև հանրապետության ծանրաբեռնվածությունը։ Մենք պիտի մեր սիրելի մասնագետներին առաջարկենք վերապատրաստվելու ընտանեկան բժշկության ոլորտ, որովհետև այստեղ էլ ունենք պակաս մասնագետների, և պիտի լրացնենք այս պակասը», - ասաց Ավամնեսյանը, հավելելով, որ սա տեղի է ունեցել այն պատճառով, որ նվազել է տուբերկուլոզով հիվանդացությունը, և ֆտիզիատրների աշխատանքի ծավալը կրճատվել է։ Ինչ վերաբերում է ինֆեկցիոնիստներին, ապա պոլիկլինիկաներ ինֆեկցիոն հիվանդությունների հետ կապված դիմելիությունը շատ ցածր է, և այդ պատճառով նախարարությունը դիտարկում է նրանց զբաղվածությունը հիվանդանոցային համակարգում ապահովելու հնարավորությունը։

Ըստ Անահիտ Ավանեսյանի՝ նախարարությունը չի սահմանում կոնկրետ աշխատավարձերի չափը, այլ սահմանում է փոխհատուցման մեխանիզմը, և լինում են վարձատրության հետ կապված նաև լոկալ խնդիրներ։ Այդ դեպքերում նախարարը հորդորում է դիմել իրեն։ Դիտարկմանը, որ բուժաշխատողները չեն դիմում իրեն, որովհետև վախենում են կորցնել աշխատանքը, և այդ պատճառով նա պետք է երաշխավորի, վստահեցնի բժիշկներին, որ նրանց ոչինչ չի սպառնում, նախարարը հակադարձեց․ «Ես Հայաստանի Հանրապետությունում նման բան վստահեցնելու կարիքը չունեմ»։

«Հայաստանի Հանրապետությունում ազատ խոսքը և ժողովրդավարական ինստիտուտները թույլ են տալիս մեր բոլոր քաղաքացիներին արտահայտել թե՛ իրենց բողոքը, թե՛ դիտարկումները, թե՛ կարծիքը, բայց սա չի նշանակում, որ Հայաստանի Հանրապետությունում ամենաթողություն է», - ասաց նա։