ACT for Children գլոբալ հանրային նախաձեռնության և «Սիթի օֆ սմայլ» հայաստանյան հիմնադրամի համատեղ ծրագրի շրջանակում Հայաստանը անվճար ձեռք է բերում մանկական քաղցկեղի բուժման թանկարժեք դեղորայք։ Այս մասին այսօր, մարտի 18-ին, «Յոլյան» արյունաբանության կենտրոնում կազմակերպված հանդիպման ժամանակ ասաց նախաձեռնության ներկայացուցիչ Սքոթ Հովարդը։
Մասնավորապես՝ նախորդ տարի այս ծրագրի շրջանակում Servier դեղագործական ընկերությունն ապահովել է բարձր որակի PEG-asparaginase դեղորայքի անհրաժեշտ քանակի անդադար մատակարարում, իսկ Amgen ընկերության blinatumomab-ը Հայաստան կհասնի մոտ օրերս։ Երկու դեղն էլ նախատեսված են սուր լիմֆոբլաստային լեյկոզի բուժման համար։
ACT for Children-ի ներկայացուցիչը տեղեկացրեց նաև, որ ծրագրի շրջանակում այս դեղերը Հայաստանին կտրամադրվեն անվճար երեք տարվա ընթացքում։ Բայց այդ ժամկետը լրանալուց հետո էլ ծրագիրը չի դադարի․ IDA բարեգործական հիմնադրամի աջակցությամբ դեղորայքը Հայաստանին կտրամադրվի շուկայականից շատ ցածր գնով, ինչը թույլ կտա պահպանել բուժման հասանելիությունը։
ACT for Children նախաձեռնության նպատակն է աջակցել ցածր և միջին եկամտաբերություն ունեցող երկրների առողջապահական համակարգերին՝ զարգացնելու մանկական ուռուցքաբանության ծառայությունները և ապահովելու բարձրորակ բուժօգնություն երեխաների համար։ Հայաստանը՝ Սիթի օֆ Սմայլ հիմնադրամի միջոցով 2024 թվականին դարձավ նախաձեռնության առաջին գործընկեր երկիրը։ Այդ ժամանակից ի վեր ACT for Children-ը սերտորեն համագործակցում է հիմնադրամի, հայաստանյան կլինիկական առաջնորդների, Հայաստանում մանկական ուռուցքաբանների համայնքի հետ:
Համատեղ ծրագրերի շրջանակում իրականացվել են մի շարք կարևոր քայլեր՝ թանկարժեք և նորարարական դեղերի հասանելիություն, ախտորոշման որակի բարձրացում, բազմապրոֆիլ բուժօգնության զարգացում, ինչպես նաև ապահովվում է Հայաստանի մանկական քաղցկեղի եւ արյան հիվանդությունների կենտրոնում բուժում ստացող երեխաների 4 անգամյա անվճար սնունդը։





