Առողջապահության նախարարությունն այսօր, ապրիլի 7-ին, ԱԺ արտահերթ նիստում ներկայացրել է օրենդրական նոր փաթեթ, որով նախատեսվում է առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում ներառել շահառուների նոր խմբեր։

Ի՞նչ է առաջարկվում

Ինչպես ներկայացրեց նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը, 2027 թվականի հունվարի 1-ից պետության կողմից ապահովագրված շահառուների թվին կավելանան նաև էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայություն իրականացնող փոխադրողները։ Կընդլայնվի նաև Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառած վնասների հատուցման մասին օրենքի իմաստով շահառու ճանաչված մարդկանց շրջանակը։ Նաև առաջարկվում է ապահովագրված անձանց փոխկապակցված անձանց ներառել համակարգում ոչ թե 2028 թվականից, ինչպես պլանավորվում էր, այլ հաջորդ տարվանից։ Նախատեսվում է նաև հետաձգել անհատ ձեռնարկատերերի կողմից ապահովագրավճարները վճարելու վերջնաժամկետները՝ ապրիլի 20-ից տեղափոխելով հուլիսի 20-ը։

Բժիշկների աշխատավարձերի մասին

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը տեղեկացրեց, որ այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի հետ այցելել են Երևանի թիվ 20 պոլիկլինիկա,  մտել երկու մասնագիտական կաբինետ, և պարզել, որ մանկաբույժն այս տարի իր խորհրդատվությունների համար ընդհանրապես չի վարձատրվել, իսկ ֆտիզիատրը ստացել է ավելի քիչ, քան ստանում էր նախկինում։

«Հիմա ապահովագրության այս համակարգը, որ ներդրվել է և դուք ցանկանում եք ավելի ընդլայնել և նոր շերտեր եք ներգրավում, ի՞նչ հաշվարկ է իրականացվել, որպեսզի բժիշկների խնդիրը կարգավորվի և նրանք իրենց աշխատանքի ծանրաբեռնվածությանը զուգահեռ նաև պատշաճ վարձատրություն ստանան», - ասաց նա, հավելելով, որ շատ մտահոգիչ է նաև սխալ ուղեգրումների համար բժիշկներին տուգանելու դրույթը, որը ևս ներառված է օրենսդրական նոր փաթեթում։

Լենա Նանուշյանը նշեց, որ բոլոր հաշվարկներում հաշվի են առնվել բուժաշխատողների աշխատավարձերի բարձրացված ցուցանիշներ։ Ըստ նրա՝ այս երեք ամիսների ընթացքում բազմաթիվ բուժաշխատողներ գրանցել են աշխատավարձերի բարձրացում։

«Ինչ վերաբերում է ձեր կողմից նշված անձանց աշխատավարձերի հետ կապված, մենք շրջաբերական ենք պատրաստում, որպեսզի ավելի մանրամասն հասկանանք, թե ինչպես է պատահել․․․ որովհետև այս երեք ամիսների ընթացքում բազմաթիվ հանդիպումների ժամանակ պարզվել է, որ, օրինակ,  ֆտիզիատրի դեպքում սխալ մուտքագրումներ են եղել կամ թերի մուտքագրումներ են եղել, և դա է պատճառը եղել, որ աշխատավարձի բարձրացում իրենց մոտ չի նկատվել», - ասաց Լենա Նանուշյանը։

Թագուհի Թովմասյանը հիշեցրեց, որ նախարար Անահիտ Ավանեսյանն իր հարցազրույցում առաջարկել էր վարակաբաններին վերապրոֆիլավորվել և դառնալ ընտանեկան բժիշկ, և հետաքրքրվեց, արդյոք նախարարությունը այս ծրագիրն առաջ է տանելու, քանի որ դա կարող է հանգեցնել խնդիրների տուբերկուլոզի և մյուս վարակիչ հիվանդությունների կանխարգելման գործում։

«Ձեր բոլոր հատկացումները բյուջետային և ձեր բոլոր պատկերացումները վերաբերվում են այս տարվա առաջին կեսին։ Ես ուզում եմ հասկանալ, ինչ է սպասվում տարվա երկրորդ կեսին, հունիսից հետո, ապահովագրական համակարգը արդյոք շարունակելու է այս տեմպով, այս պայմաններով աշխատանքը», - հարցրեց Թագուհի Թովմասյանը, նկատի ունենալով, որ հունիսի 7-ին Հայաստանում կայանալու են խորհրդարանական ընտրությունները։

«ինձ համար, ճիշտն ասած շատ տարօրինակ է, թե դուք ոնց եք հաջողացրել մտնել այնպիսի երկու սենյակ ընտրանքային եղանակով, որտեղ որ աշխատավարձերի նվազեցում է գրանցվել։ Ես զարմացած եմ, որովհետև մենք էլ ենք բազմաթիվ սենյակներ մտնում և բոլոր սենյակներում, բացի մեկ-երկու մասնագիտական կաբինետից, որոնց մասին կարող եմ խոսել, բոլորի մոտ գրանցվել է բարձրացում», - արձագանքեց փոխնախարարը, հիշեցնելով ընդդիմադիր պատգամավորին, որ իրենք ևս քվեարկել են այս օրենքի օգտին,  և օրենքը «փուլային ներդրվելու է»։  «Ես ձեզ ուղղակի հորդորում եմ, առաջարկում եմ, որ արշավ անեք տեղեկատվական, որովհետև այսպիսի պնդում կա, հատկապես տարեց բնակիչների մոտ, որ հունիսի յոթից հետո այս ամեն ինչը դադարելու է, որի պատճառով շատ մեծ հերթեր են գոյանում պոլիկլինիկաներում և հիվանդանոցներում», - ասաց Լենա Նանուշյանը։  

Կրկին բժիշկների աշխատավարձի մասին

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը, պատասխանելով Լենա Նանուշյանին, նշեց, որ միգուցե՞ շատ են քիչ աշխատավարձ ստացող բժիշկները, որ իրենք հենց այդ երկու կաբինետը գնացին, և երկուսում էլ նույն խնդրի մասին լսեցին։  

«Դուք ասում եք, աշխատավարձերը բարձրացել են, դուք խոսում եք բացարձակ աշխատավարձի մասին, բայց դուք դա բարձրացում չպետք է համարեք, որովհետև ավելացել է բժիշկների բուժծառայությունների քանակը, ծավալները մեծացել են, միգուցե ինչ-որ մի խմբի աշխատավարձ բարձրացել է բացարձակ, բայց դա աշխատավարձի բարձրացում չէ, որովհետև կոնկրետ մեկ ծառայության համար բժշկի աշխատավարձը իջել է», - ասաց պատգամավորը։

Լենա նանուշյանը նշեց, որ հարցը լավ չի հասկանում․ «Ասում եք, ընդհանուր աշխատավարձը բարձրացել է, բայց աշխատավարձը չի բարձրացել, նվազել է, աշխատավարձը որ բարձրացել է, ուրեմն փաստենք, որ բարձրացել է աշխատավարձը, չի նվազել։ Ընդհանուր բյուջեն առողջապահության հատկացված այս համակարգին ավելացել է, և բավականաչափ ավելացել է առողջության առաջնային պահպանման օղակի ամբողջ բյուջեն, և այդ երեք ամիսների ընթացքում մենք բավականաչափ մեծ ծավալի բյուջե ենք փոխհատուցել պոլիկլինիկաներին, ամբուլատորիաներին իրենց կատարված աշխատանքի համար, հիմա որ բյուջեն ավելացել է, այդ բյուջեի մեջ աշխատավարձն էլ է ավելացել, չենք կարող էլի փաստենք, որ չէ աշխատավարձը նվազել է։ Տրամաբանությունն էլ չեմ հասկանում, բյուջեն ավելացել է, հիվանդների թիվը ավելացել է, ո՞նց կարող է բժշկի աշխատավարձը նվազի, ոչ մի կերպ չեմ հասկանում, ինչ-որ անտրամաբանական է,», - ասաց նա։  

 Արմենուհի Կյուրեղյանը պարզաբանեց, որ եթե նախկինում մեկ հիվանդի ընդունելության համար բժիշկը ստանում էր 5000 դրամ, իսկ հիմա ստանում է 1000 դրամ, բայց փոխարենն ընդունում է 6 հիվանդի, ապա գումարային միգուցե ավելի շատ է ստանում, բայց դա չի կարելի դիտել որպես աշխատավարջի ավելացում, ուղղակի աշխատանքի ծավալն է ավելացել։