Համընդհանուր առողջապահական ապահովագրության համակարգի աշխատանքի առաջին 100 օրերի ընթացքում բուժօգնությունից օգտվել է 1,4 մլն ապահովագրված քաղաքացիներից յուրաքանչյուր  երրորդը։ Ապրիլի 18-ին Ազգային պատկերասրահում հանդիսավոր արարողության ժամանակ այսպիսի տվյալներ է հնչեցրել Համընդհանուր առողջապահական ապահովագրության հիմնադրամի տնօրենի պաշտոնակատար Սամվել Խարազյանը։

Նրա ներկայացրած վիճակագրության համաձայն՝ 1 մլն 703 հազար ապահովագրվածներից ծառայություններից օգտվել է 614 226 մարդ։ Այդ ընթացքում իրականացվել է ավելի քան 1,38 մլն ախտորոշիչ հետազոտություն, կատարվել է 68 հազար վիրահատություն, տրվել է 1,44 մլն դեղատոմս, գրանցվել դեղեր տրամադրելու 458 հազար դեպք։ Հատուցման ընդհանուր ծավալը կազմել է 39,5 մլրդ դրամ։

Ամենից շատ դիմումներ եղել են առաջնային բժշկական օգնության համար՝ 239 522 մարդ, ախտորոշիչ հետազոտությունների համար՝ 221 650, թերապեւտիկ բուժման համար՝ 49 445։ Համակարգի շրջանակում օգնություն է ստացել նաեւ սիրտ-անոթային հիվանդություններ ունեցող ավելի քան 4 հազար պացիենտ, մոտ 3 հազար պացիենտ ստացել է քիմիաթերապիա եւ ավելի քան 2 հազար հոգի՝ օնկովիրաբուժություն։ Համակարգն ընդգրկում է ծառայությունների 2 400 տեսակ։

Խարազյանը նշել է, որ շատ քաղաքացիներ, գուցե, անգամ չեն զգացել, թե որքան ծավալուն են եղել փոփոխությունները. համակարգն այնքան սահուն է մտել առօրյա կյանք։ Նրա խոսքով՝ ապահովագրվածների ընդգրկման եւ հասանելի ծառայությունների ցանկի  ընդլայնման աշխատանքը կշարունակվի։