Կրակով (Լեհաստան) քաղաքում Ադամ անունով երկու տարեկան երեխան, ով մի քանի ժամ շարունակ քնած է եղել դրսում՝ սառնամանիքին, ողջ է մնացել եւ արդեն կազդուրվում է։
Երեխան իր տատիկի տանն էր գիշերում։ Ինչպես մասնագետներն են կարծում, նրա մոտ սոմնամբուլիզմի (լուսնոտության) նոպա էր եղել, եւ նա տանից դուրս էր եկել՝ գիշերանոցով եւ գուլպաներով. դա տեղի էր ունեցել առավոտյան ժամը 3-5 ընթացքում։ Առավոտյան նրան գտել էին տերեւների մեջ պառկած. դրսում մինուս 7 աստիճան էր։
Երբ երեխային հիվանդանոց բերեցին, նրա սիրտը գրեթե չէր խփում, մարմնի ջերմաստիճանը նվազել էր մինչեւ 12 աստիճան, եւ նա կոմայի մեջ էր ընկել։ Բժիշկները հույս չունեին, որ երեխան կկազդուրվի, բայց նա բոլորին զարմացրեց՝ գիտակցության գալով։
«Տղան կոմայից դուրս է եկել եւ երեկվանից բավական ակտիվ է։ Մեզ նույնիսկ հաջողվել է նրա հետ ինտելեկտուալ կապ հաստատել՝ որքանով դա հնարավոր է 2 տարեկան երեխայի դեպքում։ Նա շատ խելացի երեխա է», - լրագրողներին պատմել է բժիշկ Յանուշ Սկալսկին։
Տղայի ծնողներն այս պահին հիվանդանոցում են, սպասում են, թե երբ նա ամբողջովին կկազդուրվի։





