Վերջին տարիներին հեռախոսային ծրագրերի շուկան տարբեր հիվանդություններ ունեցող մարդկանց համար մեծապես ընդլայնվել է։ Հեռախոսային խաղերը երեխաներին օգնում են յուրացնելու հաղորդակցման ունակությունները, իսկ վիրտուալ իրականությունը կարող է երեխային սովորեցնել, թե ինչպես պետք է վարվել սոցիալական տարբեր իրավիճակներում։ Այս մասին հաղորդում է Meddaily.ru-ն՝ հղում կատարելով Tech Crunch-ին։

Օրինակ՝ Samsung ընկերությունը ներկայացրել է Android հարթակում գործող աուտիզմով հիվանդերի համար նախատեսված Look At Me (Նայիր ինձ) նոր ծրագիրը։ Ըստ ծրագիրը մշակող մասնագետի հայտարարության՝ այն աուտիկ երեխաներին թույլ է տալիս  տեսողական կոնտակտ հաստատել, որը բավականին տարածված խնդիր է։ Նշենք, որ աուտիկ սպեկտրի խանգարումները մինչեւ հիմա քիչ են ուսումնասիրված՝ չնայած հիվանդության ցուցանիշների աճին։

Look At Me ծրագիրը խնդիրներից առնվազն մեկի համար ոչ թանկ լուծում է։ Այն մշակել են Սեուլի ազգային համալսարանի հիվանդանոցի եւ Յոնսեի համալսարանի հոգեբանության բաժնի  բժիշկներն ու պրոֆեսորները։ Ծրագիրն օգտագործում է  նկարներ՝ դեմքերի եւ խաղերի ճանաչման մի տեխնոլոգիա, որը երեխաներին սովորեցնում է ընկալել էմոցիաները եւ շփվել ուրիշների հետ։ Ծրագիրը փորձարկվել է 20 երեխայի շրջանում։ Փորձերը 8 շաբաթ են տեւել։ Արդյունքում երեխաների 60%-ն սկսել է տեսողական կոնտակտն ավելի լավ հաստատել։