Մոսկվայից ժամանած հայտնի ինվազիվ առիթմոլոգ Կարապետ Դավթյանը հայրենակիցներին խորհորդ է տալիս ուտելիքը չչարաշահել Նոր տարուն եւ օրգանիզմն ավելորդ սթրեսի չենթարկել: Չէ՞ որ դա հղի է շատ լուրջ հետեւանքներով:
«Լավագույն բուժումը կանխարգելումն է»,-ասում է նա՝ հավելելով, որ հիվանդությունների մեծ մասը մարդիկ իրենք են իրենց համար ստեղծում: «Անվերահսկելի կերպով սնվելը, ֆիզիկական ծանրաբեռնվածության բացակայությունը՝ հիվանդության սկիզբն են: Նոր տարուն այդ ամբողջ համեղ սնունդը, ճարպի այդ ամբողջ քանակությունը հիվանդության սկիզբ են»,-ասում է նա՝ նշելով, որ պետք է բալանս պահպանել. պետք է ծախսել բոլոր այն կալորիաները, որոնք ձեռք են բերվում: Եթե այդ ամբողջը չի ծախսվում, ճարպերը նստում են անոթների պատերին՝ ձեւավորելով վահանիկներ, որոնք կարող են ինֆարկտի կամ կաթվածի պատճառ դառնալ:
«Յուրաքանչյուր մարդու առողջությունն իր ձեռքերում է»,- եւս մեկ անգամ հիշեցնում է բժիշկը եւ ավելացնում, որ բուժման համար վճարելը շատ ավելին կարժենա մեր գրպանների համար, քան առողջ ապրելակերպին հետեւելը:
Սա չի նշանակում, որ ամանորյա գիշերը չպետք է նստել սեղանի շուրջ, ասում է բժիշկը: Եթե մարդը խախտում է ռեժիմը ամիսը մեկ անգամ, դրանում սարսափելի ոչինչ չկա:
Բայց եթե դա կանոնավոր բնույթ է կրում, իսկ այդ գերխախտում է լինում, այդ դեպքում հետեւանքները ծանր կարող են լինել: «Օրգանիզմի համար մեկ անգամյա սթրեսը հեշտ է հաղթահարել, սակայն եթե օրգանիզմը անընդհատ ենթարկվում է սթրեսի, դա արդեն հիվանդության է հանգեցնում»,-ասում է Կ. Դավթյանը:
Բժիշկը բոլորին խորհուրդ է տալիս տոներին չափը պահել եւ Նոր տարուն առողջություն է ցանկանում:





