Google Х լաբորատորիան թեւնոց է մշակում, որն ունակ է քաղցկեղային բջիջները հայտնաբերել եւ նախազգուշացնել սրտի նոպաների եւ արյան շրջանառության համակարգի հետ կապված մի շարք այլ հիվանդությունների մասին: Վաղ փուլերում օնկոլոգիական հիվանդությունների հայտնաբերման նախագծի շրջանակներում գիտնականները մարդու արհեստական մաշկ են ստեղծել: Google X լաբորատորիայի Life Sciences հետազոտական խմբի ղեկավար Էնդրյու Կոնրադի խոսքով նախագիծը դեռ սկզբնական փուլում է գտնվում:

Կոնրադը պարզաբանել է, որ արյան բջիջներից  հազար անգամ փոքր չափեր ունեցող մասնիկների աշխատանքի սկզբունքն այն է, որ դրանք մագնիսի նման կամրանան մարմնի ներսի պրոտեիններին կամ բջիջներին:

Լաբորատորիայի աշխատակիցները նաեւ աշխատում են շարժական սարք ստեղծելու վրա, որը կկարգավորի մասնիկների աշխատանքը, դրանք կհավաքի եւ կհետազոտի այն բջիջները, որոնց կկպչեն այդ մասնիկները: Ենթադրվում է, որ այդպիսի սարքավորումն առողջական վիճակը կանոնավոր ստուգելու համար անհատական սարք կդառնա:

 «Նանոմասնիկներն այդպիսի բջիջներ որոնելու համար կսկսեն շրջանառվել Ձեր մարմնի ներսում, իսկ մենք հատուկ սարքավորման օգնությամբ պետք է այդ մասնիկներին հարցում անենք, թե ինչ է նրանց հաջողվել հայտնաբերել»,-ասել է գիտնականը:

Կոնրադը նշել է, որ քաղցկեղային բջիջներ հայտնաբերելու դեպքում այդ նանոմասնիկները կսկսեն «լուսավորվել», իսկ բժիշկներին այդ լուսավորումը տեսնելու հնարավորություն ստեղծելու համար անհրաժեշտություն է ծագել որոշելու մաշկի «անցանելիության  ունակությունը»: Այդ նպատակների համար Google ընկերությունն արհեստական մաշկից կազմված փորձնական ձեռքեր է ստեղծել, որոնք նաեւ մասամբ դոնորների մարդկային մաշկի հյուսվածքներ են պարունակում, հաղորդում է RT-ն:

«Երբ քասթինգ էր անցկացվում, եւ ստեղծվում էին այդ ձեռքերը, մարդու բնական մաշկի նման հատկություններով հատուկ նյութեր են ընտրվել, որոնք օժտված են բնական էնդոգենային    ֆլուորեսցենցիայով եւ նույնանման բիոքիմիական կազմն ունեն»,-պարզաբանել է մասնագետը: