«Կոչումով բժիշկ»-ի  հերթական  թողարկումը  նվիրված է Բաբլոյանների ընտանիքին«Կոչումով բժիշկ»-ի  հերթական  թողարկումը  նվիրված է Բաբլոյանների ընտանիքին։

Բաբլոյանների բժշկական տոհմի հիմնադիրը Սաեն Գեղամի Բաբլոյանն է:  Ավարտելով բժշկական ինստիտուտը` Սաեն Բաբլոյանը կնոջ հետ մեկնել է Կրասնոսելսկ` աշխատելով որպես բժիշկ: Ավելի ուշ նա Կրասնոսելսկի շրջանային հիվանդանոցի գլխավոր բժիշկն էր:

Բաբլոյանների բժշկական գիծն այնուհետեւ շարունակում  է Արա Սաենի Բաբլոյանը: Նա ծնվել է 1947թ. մայիսի 5-ին Երեւանում:  1971թ. ավարտել է Երեւանի Մխ. Հերացու անվան պետական բժշկական ինստիտուտի մանկաբուժական ֆակուլտետը:

Նա 1970թ. աշխատել է Երեւանի թիվ 8 պոլիկլինիկայում որպես ուրոլոգիական բաժնի բուժակ: 1971-1977թթ.` Երեւանի թիվ 1 մանկական կլինիկական հիվանդանոցի մանկական վիրաբույժ եւ ուրոլոգ: 1977-1997թթ.՝ ԵրՊԲԻ մանկական վիրաբուժության ամբիոնի դասախոս, 1982-1991թթ.` Երեւանի թիվ 3 մանկական կլինիկական հիվանդանոցի ուրոլոգիական բաժանմունքի վարիչ: 1990թ. հիմնադրել է մասնագիտացված ուրոնեֆրոլոգիայի եւ մանկական վիրաբուժության կենտրոն: 1991-1997թթ. եղել է ՀՀ առողջապահության նախարար: 1997-2012թթ.՝ ԵրՊԲԻ մանկական վիրաբուժության ամբիոնի վարիչ: 2002-2003թթ.` «Հանրապետական մանկական կլինիկական հիվանդանոց» ՓԲԸ տնօրեն: 2003-2007թթ.՝ «Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների եւ դեռահասների առողջության ինստիտուտ» ՍՊԸ գլխավոր տնօրեն, 2007թ.` գիտական ղեկավար: Արա Բաբլոյանը 3 գյուտի, 7 մենագրության, 200-ից ավելի գիտական հոդվածի հեղինակ:

Օրենսդիրում աշխատանքն Արա Բաբլոյանի գործունեության կարեւոր ու էական մասն է:

Բժշկի մասնագիտությունն է ընտրել նաեւ Արա Բաբլոյանի կինը` Մանուշակ Վահանի Երիցյանը: Նա ծնվել է Երեւանում 1956թ. հունվարի 25-ին ինժեների եւ մանկավարժի ընտանիքում: 1973թ  ոսկե մեդալով ավարտել է  Երեւանի Բելինսկու անվան դպրոցը, նույն տարում ընդունվել ԵրՊԲԻ: Գերազանցությամբ է ավարտել բուհը:

Առողջապահության ոլորտում Արա Բաբլոյանի ներդրած լավագույն ավանդույթները շարունակում են նրա երկու որդիները` Արման եւ Սերգեյ Բաբլոյանները:

Բժշկական ամուր ավանդույթներ ունեցող Բաբլոյանների բժշկական ընտանիքը Հայաստանին տվել է դեռեւս բժիշկների երեք սերունդ, սակայն չի բացառվում, որ ոչ հեռավոր ապագայում «Բաբլոյան» բժշկական ազգանուն կրեն նաեւ Արա Բաբլոյանի թոռնիկները` համալրելով կոչումով բժիշկների մեծ գերդաստանը: