Միկրովիրաբույժները կարողացել են վիրահատել հսկայական ձեռքերով տղային, առանց վնասելու նրա նյարդերն ու պահպանելով զգայունակությունը։ Առայժմ  տղայի մի ձեռքն են փոքրացրել, բայց քանի որ վիրահատությունը հաջող է անցել, պատրաստվում են փոքրացնել նաեւ երկրորդ ձեռքը։

Հնդկաստանցի ութամյա տղան՝ Մուհամեդ Կալիմը ծնվել է տեղային գիգանտիզմով։ Նրա ձեռքերն անհամամասնորեն աճել են, դրանց քաշը գերազանցել է 13 կիլոգրամը։

Տարիների ընթացքում Կալիմի համար գնալով ավելի դժվարանում էր առօրյա հոգսերը հոգալը։ Նա չէր կարողանում ինքնուրույն ուտել, հագնվել, լոգանք ընդունել, դրա համար էլ ամեն ինչում հույսը դնում էր մոր վրա։ Նա դպրոց չի գնում, բայց ոչ թե նրա համար, որ չի ուզում։ «Ուսուցիչներն ասել են, որ իրենք չեն կարող Կալիմին վերցնել, որովհետեւ նրա հսկայական ձեռքերը կվախեցնեն երեխաներին »,- ասել է տղայի հայր Մուհամեդ Շամինը։

Ծնողները գրեթե հաշտվել էին երեխայի տխուր ճակատագրին՝ որդու հիվանդությունը համարելով «Աստծու կամքը»։ Բայց այն բանից հետո, երբ Կալիմի պատմությունը տարածվեց ամբողջ աշխարհով, բժիշկները վերջապես ձեռնարկեցին նրա  բուժումը»։

Անցյալ տարվա վերջից սկսած Մուհամեդների ընտանիքին ծանոթացրին բժիշկ Ռաջա Սաբապատիի հետ, որը հայտնի է միկրովիրաբուժության մեջ իր փորձով։ Վիրաբույժն ու իր թիմը միջոց գտան փոքրացնելու ափերն ու մատները, առանց վնասելու նյարդերը, այնպես որ ձեռքերի զգայունակությունը պահպանվել է։

«Մենք որոշել ենք առայժմ վիրահատել միայն մեկ ձեռքը, որ գնահատենք հնարավորությունները։ Մենք չենք ուզում, որ մեր աշխատանքի արդյունքում տղան զրկվի ձեռքերի շարժունակությունից»,- ասել է Սաբապատին։

Ութամյա վիրահատության ընթացքում բժիշկները փոքրացրել են նախաբազուկի եւ ձեռքերի ծավալը։ Հետո եւս մի քանի վիրաբուժական միջամտություն է արվել, որոնց ընթացքում մատների վրա հատուկ թիթեռիկներ են տեղադրում, որոնք վերջույթներին այլեւս թույլ չեն տալիս աճել։

Ներկայումս հիվանդը ֆիզիոթերապիայի կուրս է անցնում եւ սպասում է ձախ ձեռքի վիրահատությանը։