Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը արյուն հանձնեց «Սիրտ ունես, կյանք փրկիր» անհատույց արյունատվության ակցիայի շրջանակներում, որը կայացավ փետրվարի 6-ին Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը։
«Անհատույց արյունատվությունը ԱՄՆ-ում շատ տարածված երեւույթ է», - ասաց Հեֆերնը արյուն հանձնելուց առաջ, հավելելով, որ Հայստանում նա դա անում է առաջին անգամ։ Դեսպանը ստուգեց իր զարկերակային ճնշումը, հեմոգլոբինի մակարդակը, հետո խիզախորեն ահագին արյուն հանձնեց, նախօրոք կատակով խնդրելով օպերատորներին անջատել տեսախցիկները, եթե հանկարծ ինքը լացի։
Ակցիային մասնակցում էին Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սմբատ Դադբաշյանը եւ Առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը, ով եւս արյուն հանձնեց։
«Մինչեւ 1960-ական թվականները ԱՄՆ-ում արյան դոնորությունը վճարովի էր։ Սակայն ժամանակի ընթացքում պարզ դարձավ, որ արյան դիմաց վճարելը միջոցների խելամիտ ծախսում չէ, եւ սկսվեց կամավոր արյունատվության պրակտիկան», - պատմեց ԱՄՆ դեսպանատան բժիշկ Էլեն Դեմփսին։
Դոնորներին ներկայացվող պահանջներն են. Տղամարդկանց քաշը պետք է լինի 65 կգ-ից ավելի, կանանցը՝55-ից։ Արգելք է հանդիսանում 24 ժամվա ընթացքում ոգելից խմիչք օգտագործելը։ Նախկինում դեղնախտ տարած մարդիկ, ինչպես նաեւ Հայաստանում մեկ ամսից քիչ ժամանակ գտնվողները եւս չեն կարող արյուն հանձնել։







