«Կոչումով բժիշկ»-ի հերթական հաղորդումը ներկայացնում է Մելիք-Ադամյաններ-Մալխասյաններ բժշկական ընտանիքը։
Մեր երկրում նշանավոր բժշկական ընտանիքներից շատերը միավորելով երկու ազգանուններ հիմք են դնում տոհմիկ բժշկական գերդաստանների ձեւավորմանը: Դրա վառ օրինակներից է Մելիք-Ադամյաններ-Մալխասյաններ բժշկական ընտանիքը, որը ներկայացնում է բժշկական հինգ սերունդ:
Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի ախտաբանական անատոմիայի բաժանմունքի ցիտոլոգ Նատալյա Մալխասյանը ընտանիքի պատմությունը սկսում է իր մայրական կողմի պապից' Արտաշես Մելիք-Ադամյանից: Անվանի պրոֆեսորի անունը կրող փողոցում ընտանիքի բոլոր անդամներով լուսանկարվելը ձեւավորված գեղեցիկ ավանդույթ է:
Արտաշես Մելիք-Ադամյանն անգնահատելի ծառայություններ է մատուցել հանրապետության բուժավայրերի եւ հանքային ջրերի ուսումնասիրման գործում: Ա. Մելիք-Ադամյանի նախաձեռնությամբ ուսումնասիրվել են Հայաստանի լեռնային առողջարանները։
Բժիշկ էր նաեւ Նատալյա Մալխասյանի հայրական կողմի պապիկը`Արամայիս Մալխասյանը: Նրա որդին` Վիգեն Մալխասյանը, ընտանիքի երկրորդ սերնդի վառ ներկայացուցիչն է: Հայ խորհրդային վիրաբույժ, բժշկական գիտության դոկտոր (1960), պրոֆեսորը 1939թ. միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Երեւանի պետական բժշկական ինստիտուտ: Նա առաջինն է Հայաստանում կատարել էզոֆագոպլաստիկա եւ, խուսափելով բազմափուլ վիրահատությունից, այն ավարտել երկու փուլով, ֆիզիոլոգիական տեսակետից ստանալով բավարար արդյունք:
Մասնագիտական շրջանակներում լայն տարածում է ստացել եւ բարձր գնահատականի արժանացել Վիգեն Մալխասյանի' «Վիրաբույժի անձի առանձնահատկությունները դեոնթոլոգիական տեսանկյունից» աշխատությունը («Oсобенности личности хирурга с деонтологической точки зрения»):
Վիգեն Մալխասյանի երեխաները' Նատալյա եւ Անդրեյ Մալխասյանները եւս որպես կոչում ընտրեցին բժշկությունը: Անդրեյ Մալխասյանի երկու որդիներից' Վիգենը գնաց հոր ճանապարհով: Վիգեն Մալխասյան կրտսերը հպարտությամբ է կրում անվանի պապի անունը:





