«Աստղիկ» նոր հիվանդանոցը կարող է հավակնել ռեֆերենս-կենտրոնի կոչմանը: Այդ մասին Երեւանում «Աստղիկ» բժշկական կենտրոնի բացմանը ասել է Հայաստանի Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: Նա նշել է, որ կենտրոնը բժշկական գիտության զարգացման նոր հնարավորություններ է տալիս եւ բուժական աշխատանքին նոր ազդակ է հաղորդում:
Նրա խոսքով, «Աստղիկ» կենտրոնը հնարավորություններ է ստեղծում բուժման եւ ախտորոշման նոր մոտեցումների համար: «Նրա հագեցածությունը ինչպես ժամանակակից սարքավորումներով, այնպես էլ մարդկային ներուժով, առողջապահության համակարգում նոր հնարավորություններ է ստեղծում. սա նոր հարթություն է եւ նոր բարձրաձող», - ասաց նա` հավելելով, որ տվյալ բուժական կենտրոնը վերջին տարիներին երկրում ամենադինամիկ զարգացողներից է:
«Վիրաբուժությունը զարգանում է եւ համապատասխան պայմաններ են ստեղծվում, բայց պետք է ասել նաեւ, որ մենք մեծ կարեւորություն ենք տալիս ախտորոշման սարքերի առկայությանը եւ այստեղ մենք մի քանի ժամանակակից սարք ենք տեսնում», - ասել է նախարարը` հատկապես առանձնացնելով մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆը, որն իր հզորությամբ կրկնակի գերազանցում է Հայաստանում հաստատված բոլոր տոմոգրաֆներին: Նրա խոսքով, այդ տեխնիկան հնարավորություն կտա ոչ միայն բուժական աշխատանք զարգացնել, այլեւ բժշկական գիտություն: «Այնպես որ, այս կենտրոնը կարող է հավակնել ռեֆերենս-կենտրոնի կոչման», - եզրափակել է նա:
«Աստղիկ» բժշկական կենտրոնը «Մալաթիա» հիվանդանոցի իրավահաջորդն է, որը 2010-ին 3 մլն դոլարով ձեռք է բերվել «Նատալի Ֆարմ» ընկերության կողմից (պատկանում է պատգամավոր եւ գործարար Սամվել Ալեքսանյանին): Հինգ տարվա ընթացքում ներդրումները կազմել են 35 մլն դոլար, որոնցից 30 մլն դոլարը ներդրվել է նոր հինգհարկանի մասնաշենքի շինարարության եւ հին` 11-հարկանի մասնաշենքի վերանորոգման մեջ:
Կենտրոնը հաշվարկված է 130 մահճակալի համար: Ամբողջությամբ արդիականացվել են վիրահատական ծառայությունը, սրտային վիրաբուժության ծառայությունը, վերակենդանացման եւ ինտենսիվ թերապիայի բաժանմունքները: Ախտորոշման բաժանմունքը զինված է սուպեր ժամանակակից ճառագայթային սարքավորումներով, մասնավորապես` 3 տեսլա հզորությամբ մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆով:
Նշենք, որ կենտրոնն անվանվել է սեփականատեր Սամվել Ալեքսանյանի մոր պատվին:
[gallery id=60]





