Մեր հիվանդանոցի հիմքում սկզբունքայնորեն նոր գաղափարներ են՝ եվրոպական չափանիշներին համապատասխան, այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Երեւանում այսօր բացված «Աստղիկ» բուժկենտրոնի տնօրեն Ասատուր Ասատրյանը:
Նրա խոսքով, հիվանդանոցը նախագծել են գերմանացի ճարտարապետները, ու այն մի շարք ինքնավար կենտրոնացված համակարգեր ունի՝ մասնավորապես բոլոր տեսակի բժշկական գազերի կենտրոնացված մատակարարում, վերակենդանացման ու ինտենսիվ թերապիայի բաժանմունքների համար կենտրոնացված մոնիտորինգի համակարգչային համալիրներ եւ այլն:
Նոր բուժկենտրոնը, տնօրենի խոսքով, տարբեր պայմանագրեր ունի թե եվրոպական, թե ամերիկյան, թե ռուսական բուժկենտրոնների հետ, ու դրանք հիմնականում բժիշկների վերապատրաստման ծրագրերին են վերաբերում: Կենտրոն են հրավիրվելու նաեւ արտասահմանցի մասնագետներ, բայց հիմնական նպատակը հայաստանյան բժիշկների որակյալ նախապատրաստումն է, նշեց Ասատրյանը:
«Ինձ համար այս հիվանդանոցի յուրաքանչյուր սանտիմետրը հպարտության առարկա է: Ինձ համար հպարտության առարկա են բոլոր բուժված հիվանդները ու նրանց շնորհակալական խոսքերը»,- հայտնեց նա:
Աստղիկ բուժկենտրոնը «Մալաթիա» ԲԿ իրավահաջորդն է, որը 2010 թ. 3 մլն դոլարով ձեռք էր բերել «Նաթալի Ֆարմ» ընկերությունը (պատկանում է պատգամավոր ու գործարար Սամվել Ալեքսանյանին): Հինգ տարիների ընթացքում ներդրումները կազմել են 35 մլն դոլար, որոնցից 30 մլն-ը ներդրվել է նոր հինգհարկանի մասնաշենքի կառուցման ու հին 11 հարկանի մասնաշենքի արդիականացման համար:
Կենտրոնը հաշվարկված է 130 մահճակալի համար: Արդիականացման արդյունքում այն սարքավորված է ժամանակակից սարքավորումներով, այդ թվում մագնիսառեզոնանսային տոմոգրաֆով, որը իր հզորությամբ (3 տեսլա) Հայաստանում միակն է:
Նշենք, որ կենտրոնը «Աստղիկ» է կոչվել կենտրոնի սեփականատեր Սամվել Ալեքսանյանի մոր անունով:
[gallery id=60]





