Մարտի մեկը ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց նկատմամբ զրո խտրականության դրսեւորման միջազգային օրն է: Այդ օրվա առթիվ «Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» հասարակական կազմակերպությունը նախաձեռնել է հանրային միջոցառումների շարք, որոնց հիմնական նպատակն է՝ ցույց տալ, որ ՄԻԱՎ-ն ու ՁԻԱՀ –ը չեն փոխանցվում պարի, գրկախառնությունների եւ հպումների միջոցով, եւ վարակված մարդկանց հետ կարելի է ընկերություն անել ու շփվել՝ չվախենալով վարակվել:

«Պարի միջոցով մենք փորձում ենք ցույց տալ, որ ՄԻԱՎ-ը չի փոխանցվում գրկախառնությունների եւ պարի միջոցով»,- NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում ասաց Մանե Դավթյանը՝ «Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» հասարակական կազմակերպության անդամներից մեկը:

Միջոցառման շրջանակներում հայտնի հաղորդավար Եգոր Գլումովը վիկտորինա անցկացրեց՝ անցորդներին հարցեր տալով ՄԻԱՎ-ի մասին: Ճիշտ պատասխանելու դեպքում վիկտորինայի մասնակիցները ստանում էին նվերներ եւ տեղեկություն այն մասին, թե Հայաստանում որտեղ կարելի է հետազոտվել ու իմանալ սեփական ՄԻԱՎ կարգավիճակը: Բացի դրանից՝ պարուհի Յուլյան, չնայած անձրեւին եւ ցրտին, փորձում էր բոլոր ցանկացողներին սովորեցնել «սալսա» պարել: