• Latest news

Ինչո՞ւ չի աշխատում «Երեւան» բժշկական կենտրոնը

20 հոկտեմբերի, 2016  18:11

«Երեւան» բժշկական կենտրոն մտնելիս առաջինն աչքի է զարնում մթությունն ու լռությունը: Միջանցքները նախկինի պես աշխույժ չեն, հիվանդներ չկան, չկա նաեւ բուժանձնակազմը, բոլոր աթոռները դատարկ են: Հոսանքն էլ է անջատված: Արդեն մի քանի օր է՝ բժշկական կենտրոնը չի գործում, իսկ իր հիվանդներին բժիշկ Տարոն Տոնոյանը, որը ԲԿ համասեփականատերերից մեկն է, ստիպված է վիրահատել ուրիշ հիվանդանոցներում:

Երկար տարիներ շահույթով աշխատող հիվանդանոցն ինչո՞ւ է այսպիսի վիճակում հայտնվել: NEWS.am Medicine-ի հետ զրույցում իր տեսակետը հայտնեց Տարոն Տոնոյանը:

Եթե հակիրճ ներկայացնենք, ապա այսօրվա դրությամբ վիճակը հետեւյալն է՝ բժշկական կենտրոնում գործադիր տնօրեն չկա, պարտքեր ունեն հարկային ծառայությանը, որոնց պատճառով բանկային հաշիվների վրա կալանք է դրված:

Եթե հիվանդանոցը գործադիր տնօրեն ունենա, ապա խնդիրների մեծ մասը կլուծվի՝ հիվանդանոցը կկարողանա աշխատել, իսկ եկամուտները կօգնեն վճարել հարկայինի պարտքերը: Սակայն Տարոն Տոնոյանը եւ մյուս համասեփականատեր Հայկ Բալայանը՝ Զորի Բալայանի որդին, համաձայնության չեն գալիս նոր գործադիր տնօրենի ընտրության հարցում: Տարոն Տոնոյանը համոզված է, որ Բալայանները հարցի լուծման իր առաջարկներին չեն համաձայնում, քանի որ ցանկանում են ամբողջ կլինիկան իրենց ձեռքը վերցնել:

«Իմ խնդիրը ոչ այնքան Զորի Բալայանի որդու հետ է, որքան իր՝ Զորի Բալայանի: Նրանք ցանկանում են ամեն գնով ինձնից ազատվել՝ նրանք «Երեւան» բժշկական կենտրոնն առանց Տարոն Տոնոյանի են ցանկանում: Հիմա մեզանից յուրաքանչյուրը (Տարոն Տոնոյան եւ Հայկ Բալայան – խմբ.) տնօրինում է արժեթղթերի 50 տոկոսը: Նրանք ցանկանում են իմ բաժինը խլել: Նրանց կողմից այս ամենը պլանավորված քայլեր են, որոնք էլ հանգեցրել են այսօրվա վիճակին»,- ասաց Տոնոյանը։

Նրա խոսքով՝ կլինիկայի երկու սեփականատերերի միջեւ խնդիրները վաղուց են ծագել: Երկար տարիներ  կլինիկայի գործադիր տնօրենը ինքը՝ Տարոն Տոնոյանն էր, սակայն 2 տարի առաջ համաձայնեց այդ պաշտոնը փոխանցել Հայկ Բալայանի առաջարկած մարդուն՝ Հակոբ Բալայանին: Սա խնդիրները չլուծեց, եւ Բալայանները, Տոնոյանի խոսքով, սկսեցին նոր տնօրենի առաջ անլուծելի խնդիրներ դնել, որի հետեւանքով սթրեսները եւ վեճերը նրա առողջությունը լրջորեն խաթարեցին: Սեպտեմբերին Հակոբ Բալայանը հրաժարվեց տնօրենի պաշտոնից, ինչն էլ, Տոնոյանի կարծիքով, գործընկերոջը ձեռնտու էր եւ բխում էր նրա շահերից. բարդ իրավիճակ ստեղծել, հիվանդանոցը տանել սնանկացման եւ այն զավթել:

Քրեական գործ

Հիվանդանոցի դեմ իսկապես քրեական գործ է հարուցված, ինչպես արվում է ցանկացած կազմակերպության դեմ, որը պետությանը պարտք է 2 մլն դրամից ավելի: Սակայն քրեական գործը կփակվի, եթե հիվանդանոցը վճարի վերջին ստուգումից հետո հարկային տեսչության  սահմանած բոլոր տույժերը:

Ինչպես նշեց Տարոն Տոնոյանը, հիվանդանոցը պատրաստ է վճարել:

«Ընդամենը մեկ ամիս աշխատելու ընթացքում հիվանդանոցի շրջանառությունը մեզ հնարավորություն տվեց վճարելու այդ տուգանքների կեսը: Եթե շարունակենք աշխատել, 1-2 ամսում հեշտությամբ կվճարենք մնացած կեսը: Բայց, հավանաբար, դա իմ գործընկերոջ համար ցանկալի սցենար չէ»,- ասաց Տարոն Տոնոյանը:

Նրա խոսքով՝ հենց հիմա կլինիկայի բանկային հաշվում գումար կա, որը կարելի է փոխանցել հարկայինին, եթե տնօրեն նշանակվի եւ կալանքը հանվի:

Ինչպե՞ս կարելի է խնդիրը լուծել եւ կլինիկայի գործունեությունը վերականգնել:

Տարոն Տոնոյանն առաջարկել է խնդրի լուծման երեք ճանապարհ, սակայն նրա գործընկերը, նրա խոսքով, դրանցից եւ ոչ մեկը չի ընդունել:

Առաջին ճանապարհ՝ մրցույթ հայտարարել եւ հիվանդանոցի նոր տնօրեն ընդունել՝ նախապես հաստատված չափանիշներով: Նոր տնօրենը պետք է ղեկավարի հիվանդանոցը, եւ երկու համասեփականատերերը չպետք է միջամտեն նրա աշխատանքին. միայն ընդունեն նրա ամենամսյա հաշվետվությունը:

«Իմ գործընկերոջ համար այդ տարբերակն անընդունելի էր: Նա իր տեսանկյունը պատճառաբանում էր այն հանգամանքով, որ միայն ինքն է ընդունակ հիվանդանոցն այս «բարդ» վիճակից հանելուն»,- ասաց Տարոն Տոնոյանը:

Խնդրի լուծման երկրորդ ճանապարհը բարձրաձայնվել է ամբողջ կոլեկտիվի մասնակցությամբ հանդիպմանը: Կոլեկտիվն այդ ժամանակ առաջարկեց աշխատակիցներից մեկին տնօրեն առաջադրելու հնարավորությունը: «Ես այդ առաջարկին համաձայնեցի, սակայն իմ գործընկերը չհամաձայնեց»,- ասաց Տոնոյանը:

Խնդրի հնարավոր երրորդ լուծումը՝ եթե գործընկերները չկարողանան գալ ընդհանուր հայտարարի, հիվանդանոցը բաժանել երկու առանձին մասի: «Ես իմ կոլեկտիվին խոստացա, որ եթե այդպիսի բաժանում կատարվի, ես պարտավորվում եմ նրանց աշխատանքի ընդունել հիվանդանոցի իմ կեսում: Բայց այդ որոշումն էլ գործընկերս չընդունեց»,- ասաց Տոնոյանը:

Տարոն Տոնոյանը մեզ հավաստիացրեց, որ նահանջելու մտադրություն չունի. նա չափից ավելի մեծ ջանքեր է ներդրել այդ կլինիկայի մեջ, եւ այն իր համար չափից ավելի շատ բան է նշանակում:

Նա կլինիկան սկսել է կառավարել 2007 թվականից: Այժմ նա մտաբերում է, որ այդ ժամանակ հիվանդանոցը նորմալ տանիք չուներ, իսկ նկուղներում առնետներ էին վխտում եւ կոյուղաջրերի գարշահոտ էր կանգնած: Ոչ մի ներդրում չկար. ստիպված էին աշխատել եւ շենքը շահույթի հաշվին վերանորոգել, նոր սարքավորում գնել:

Տոնոյանի խոսքով՝ այդ ժամանակ առաջին տարվա ընթացքում հիվանդանոցն ընդունեց 730 ստացիոնար հիվանդների: Համեմատության համար նշենք, որ 2014 թվականին ստացիոնար հիվանդների թիվն արդեն կազմել է 3600, ամբուլատոր հիվանդներինը՝ երկու անգամ ավելի: Յոթ տարում անձնակազմը կրկնապատկվել է՝ 85-ից 175 մարդ: Եվ եթե 2007 թվականին նույնիսկ հարեւան շենքերի բնակիչները զգուշանում էին այդ հիվանդանոց հաճախել, ապա այսօր այստեղ են գալիս երկրի բոլոր ծայրերից:

Ինչպես նշեց Տարոն Տոնոյանը, Հայաստանում հազվադեպ երեւույթ է, որ պետպատվեր եւ պետական աջակցություն չունեցող հիվանդանոցն այդպես աճի եւ զարգանա: Այդ ամենը Տարոնը համարում է իր մենեջմենթի եւ կոլեկտիվի նվիրվածության արդյունքը:

«Այդ հիվանդանոցը ոտքի կանգնեցնելն ինձ համար պատվի հարց էր: Ես ցանկանում էի այն մրցունակ դարձնել եւ դարձրեցի: Այսօր մենք նույնքան վիրահատություններ ենք անում, որքան քաղաքի խոշորագույն կլինիկաները»,- նշեց Տոնոյանը:

Արդեն երեք տարի է, ինչ հիվանդանոցը նաեւ պետպատվեր է ստանում, իսկ վերջին մի քանի տարիներին շահույթով է աշխատում: Ավելին, Տոնոյանի խոսքով, կլինիկայի ամբողջ եկամտի մեկ երրորդ մասը ապահովում է իր՝ որպես վիրաբույժի աշխատանքը. հենց ինքն է կլինիկայում կատարում բոլոր վիրահատությունների գրեթե կեսը:

Հ. Գ. Տուժում են ոչ միայն սեփականատերերը

Կլինիկայի 175 աշխատակիցները, շունչները պահած, սպասում են, թե ինչ կլինի հետո: Նրանք չգիտեն՝ հարկավո՞ր է նոր աշխատանք փնտրել, թե՞ սպասել եւ հուսալ, որ խնդիրները կլուծվեն, իսկ «Երեւանը» կրկին կաշխատի: Ստեղծված իրավիճակը նրանց դժգոհությունն է հարուցում, եւ ոչ միայն այն պատճառով, որ կարող են գործազուրկ դառնալ եւ զրկվել իրենց վարկերը վճարելու հնարավորությունից: Նրանց համար «Երեւանը» երկու սեփականատերերի հիվանդանոց չէ, դա ԻՐԵՆՑ հիվանդանոցն է, կոլեկտիվի հիվանդանոցը, որի կայացման համար այդքան ժամանակ ու ուժ են ներդրել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել