«Նաիրի» բժշկական կենտրոնի վիրաբույժներին հաջողվել է լապարոսկոպիկ եղանակով հեռացնել փայծաղային զարկերակի մեծ անևրիզման՝ պահպանելով պացիենտի փայծաղը: Վիրահատությունը կատարել է Էնդոսկոպիկ և լապարոսկոպիկ վիրաբուժության թիվ 1 բաժանմունքի վարիչ Անդրանիկ Ադամյանը։
Բաժանմունքի վիրաբույժ Տիգրան Ադամյանը NEWS.am Medicine-ին հայտնել է, որ պացիենտը «Նաիրի» բժշկական կենտրոն է դիմել որովայնի ձախ մասի ցավով։ Կոնտրաստային համակարգչային տոմոգրաֆիայով հայտնաբերվել է փայծաղային զարկերակի անևրիզմալ լայնացում՝ 6 սմ չափով:
Ի՞նչ է փայծաղային զարկերակի անևրիզմը և ինչո՞ւ է այն վտանգավոր
Անևրիզման զարկերակի բացվածքի տեղային լայնացումն է՝ զարկերակի պատի փոփոխությունների կամ վնասման հետևանքով: Փայծաղային զարկերակի այսպիսի լայնացումը բավական հազվադեպ հանդիպող պաթոլոգիա է, բայց նաև բավական վտանգավոր՝ պատռվելու վտանգի պատճառով, մանավանդ, երբ լայնացումը մեծ է:
Փայծաղային զարկերակի անևրիզմի հանկարծակի պատռման դեպքում որովայնի խոռոչում ուժեղ արյունահոսություն է սկսվում, որը կարող է հանգեցնել մահվան:
Փայծաղային զարկերակի անևրիզմայի բուժումը
Փայծաղային զարկերակի անևրիզման բուժվում է վիրահատական եղանակով: Խոշոր անևրիզմնաների դեպքում, սովորաբար, կատարվում է բաց կամ լապարոսկոպիկ վիրահատություն՝ փայծաղի հեռացմամբ, իսկ որոշ դեպքերում՝ հարակից այլ օրգանների հեռացմամբ ևս։ Վերջերս լայնորեն տարածված է նաև էնդովասկուլյար էմբոլիզացիայի եղանակը, սակայն դրա կիրառումը միշտ չէ, որ հնարավոր է՝ անևրիզմայի չափերի և տեղակայման պատճառով։
Փայծաղի պահպանում. ինչու՞ է դա կարևոր
Փայծաղը անչափ կարևոր օրգան է մարդու իմունային համակարգի անխափան աշխատանքի համար։ Փայծաղը մեր լիմֆոցիտների՝ իմունային բջիջների, ինչպես նաև հակամարմինների աղբյուրն է, որոնք պատասխանատու են վարակների դեմ մեր օրգանիզմի պայքարելու համար:
Հենց այդ հանգամանքը հաշվի առնելով՝ «Նաիրի» ԲԿ-ում որոշել են կատարել նվազագույն ինվազիվ լապարոսկոպիկ վիրահատություն՝ փայծաղի պահպանմամբ։ Ինչը և հաջողությամբ իրականացվեց։
«Փայծաղային զարկերակի անևրիզման, որը սնվում էր հիմնական զարկերակից, հատվել և հեռացվել է կարող սարքերի միջոցով: Եվ որ ամենակարևորն է, կատարվել է օրգանապահպան վիրահատություն՝ հիվանդի համար նվազ տրավմատիկ եղանակով: Հիվանդը ներկայում գտնվում է Նաիրի ԲԿ-ում՝ բժիշկների հսկողության տակ»,- ասել է Տիգրան Ադամյանը։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր