• Latest news

Գիտնականները հայտնաբերել են վաղ մահվան անսպասելի պատճառը

4 մայիսի, 2024  01:37

Այժմ ոչ հազվադեպ վաղաժամ մահանում են նաեւ երիտասարդները։

Միայնությունը գովերգել են փիլիսոփայության եւ գեղարվեստական գրականաության դասականները, կամավոր միայնությունը համարվել է իմաստնության նշան, գրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Ճգնակյացները ասկետիզմի եւ բարերարության նմուշ են հանդիսացել։

Իսկ մեր օրերում սոցիալական շփումների անբավարարությունը վերածվել է առողջապահական խնդրի։ ԱՄՆ գլխավոր բժշկական խորհրդատուն դա անվանել է համաճարակ։

Միայնությունն ու մեկուսացումը նույն բանը չեն։ Մեկուսացումը քիչ թե շատ հստակ չափանիշներ ունի՝ ընտանիքի բացակայություն, հազվադեպ շփումներ շրջապատողների հետ։ Միայնությունը սուբյեկտիվ հասկացություն է։ Մարդը կարող է մենակ ապրել եւ իրեն միայնակ չզգալ, կարող է լինել մեծ ընտանիքի անդամ եւ տառապել, որովհետեւ կողքին հարազատ հոգի չկա։

«Սոցիալական հարաբերություններից անբավարարվածություն ցանկալիի եւ առկայի միջեւ». այսպես են բնորոշում այդ վիճակը գիտական գրականության մեջ, որը դնում են ծխելու, նստած կենսակերպի, ճարպակալման, օդի աղտոտվածության հետ նույն  շարքում։ Եթե միայնությունը տարիներ է տեւում, ապա այն անվանում են քրոնիկական։

Հետազոտությունների համաձայն՝ 35-ից բարձր տարիքի ամերիկացիների մեկ երրորդը եւ ծերունիների մոտ մեկ քառորդը իրեն միայնակ է համարում։

Միայնությունը միշտ կապել են ավագ տարիքային խմբերի հետ։ Բայց հիմա դա նաեւ երիտասարդության խնդիրն է։ Cigna Group ապահովագրական ընկերության տվյալներով՝ 18-24 տարեկանների 80 տոկոսն իրեն միայնակ է զգում։ 66-ից բարձր տարիքի մարդկանց շրջանում նրանց թիվը կազմում է 41 տոկոս, տեղեկացրել է Nature-ը։

Բրիգամ Յանգի համալսարանի գիտնականներն ուսումնասիրել են 70 գիտական աշխատանքներ, որոնք իրականացվել են 1980-2014թթ.։ Հավաքվել են մոտ երեքուկես միլիոն մարդու տվյալներ։

Պարզվել է, որ առանց ընտանիքի ապրողների համար մահանալու վտանգն ավելի մեծ է 32 տոկոսով, սոցիալապես մեկուսացվածներինը՝ 29։ Միայնության զգացողությունն իսկ վաղաժամ մահվան հավանականությունն ավելացնում է 26 տոկոսով։

Չինացի գիտնականների ուսումնասիրությունը հաստատում է սա։ Նրանք ուսումնասիրել են 1986-2022թթ. 90 հոդվածներ ավելի քան երկու միլիոն մարդու մասին 20 երկրներից։ Պարզվել է, որ մասնագիտության, սոցիալական կարգավիճակի եւ ֆիզիոլոգիական առանձնահատկությունների հաշվառմամբ կանայք ավելի շատ են ենթակա եղել միայնության զգացման, բայց ծերության ժամանակ դա փոխհատուցվել է լավ սոցիալական շփումներով։

Պարզվել է կապ Ալցհեյմերի հիվանդության, դեմենցիայի հետ։ Ի դեպ, արդյունքները հակասական են։ Ամերիկացի մասնագետներն ուսումնասիրել են 1948թ. Ֆրեմինգհեմի կոհորտային հետազոտության տվյալները։ Ընտրել են երկու հազար մասնակցի, ովքեր դժգոհել են միայնությունից շաբաթը գոնե երեք անգամ։ Նրանք չեն ունեցել APOE ε4 գենի տարբերակը, որը համարվում է Ալցհեյմերի հիվանդության հակվածության ցուցիչ։ Այսինքն՝ ծերության առաջացման վտանգը ցածր է։ Բայց հաջորդ տասը տարիների ընթացքում 14 տոկոսի մոտ ախտորոշել են դեմենցիա։ Երեք անգամ ավելի հաճախ, քան սոցիալապես ակտիվների պարագայում, նշել են հեղինակները։

Սոցիալական մեկուսացումն ուղեկցվում է վատ սնվելով, վնասակար սովորություններով, այստեղից էլ՝ արյան բորբոքային մարկերների բարձրացում, խոլեստերին, իմունային համակարգի խանգարումներ։

Բայց ինչպես բացատրել նույն ռիսկերը նրանց դեպքում, ովքեր կարծես թե ապրում են խմբում, բայց տառապում են միայնությունից։ Նշվել է, որ նրանց եւս հաճախ բնորոշ են անառողջ վարքագիծը, քնի խանգարումը, նեյրոէնդոկրին եւ իմունային խանգարումները։

Հասկանալի է, որ միայնությունը համալիր սոցիալ-հոգեբանական բնույթ ունի, բայց, ըստ երեւույթին, էլի ինչ-որ բան կա։ Մեծ Բրիտանիայում ազգային բիոբանկի տվյալների հիման վրա պարզել են 15 գենետիկ տարբերակներ, որոնք ասոցիացվում են այդ վիճակի հետ։

Միայնությունը ազդում է նաեւ ուղեղի կառույցների վրա։ Փակ ապրողների մոտ ավելի ակտիվ է ուղեղի աշխատանքի այսպես կոչված պասիվ ռեժիմի ցանցը։ Նրանք մշտապես սեւեռված են իրենց մտքերի վրա։ Դա այն է, ինչ նկատվում է դեպրեսիայի ժամանակ։

Դեռ պետք է պարզել պատճառն ու հետեւանքը։ Բայց շփման անհրաժեշտությունն ակնհայտ է։ Գերմանիայում առաջարկում են ֆիզիկական վարժություններ։ Այստեղ փորձարկել եւ պարզել են, որ երիտասարդների համար օրական մեկ ժամ ակտիվ քայլքը լրացնում է շփման պակասը։

Միայնության խնդիրն ընդունվել է ԱՀԿ-ի կողմից։ Մեծ Բրիտանիայում արդեն ընդունել են այդ վտանգավոր սոցիալական երեւույթի դեմ պայքարի ռազմավարություն եւ հիմնել կառույց, որը ԶԼՄ-ներում անվանել են «միայնության նախարարություն»։ Գուցե այլ երկրներում եւս կհետեւեն անգլիացիների օրինակին։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել