Ամուսնալուծության եզրին գտնվող շատ հայ ընտանիքներ չեն դիմում մասնագետներին, որոնք կօգնեին լուծել նրանց խնդիրները եւ փրկել ընտանիքը: Այս կարծիքն արտահայտել է հոգեբան Միգրեթ Մադաթյանը ընտանիքի համաշխարհային օրվան նվիրված մամլո-ասուլիսի ժամանակ:
«Ավաղ, այսօր շատ ընտանիքներ ամուսնալուծության եզրին են տարբեր կոմպլեքսների ու շատ այլ խնդիրների պատճառով եւ վախենում են դիմել մասնագետի: Ընդ որում, ընտանիքը պետության համար ունի ռազմավարական նշանակություն, եվ ամուսնալուծությունների հարցը պետք է լուծվի պետական մակարդակով»,- ասել է նա:
«Հոգեբանության մեջ կա մի հասկացություն ՝ «մեծահասակների խաղեր», երբ մարդիկ ապրում են մի հարկի տակ, բայց ամուսնալուծված են. սա նշանակում է, որ ամուսնալուծությունը լիարժեք չէ: Հնարավոր է, որ նրանք չեն քնում միեւույն անկողնում, բայց մնացած այլ ասպեկտներում նրանք կապված են միմյանց հետ:
Ամուսնալուծությունների ամենատարածված պատճառը, որը ես կարծում եմ, որ առնվազն հիմարություն է, երեխան է: Պետք չէ թաքնվել երեխաների թիկունքում: Իհարկե, նրանք որոշակի կարեւորություն ունեն ծնողների կյանքում, բայց երեխաներին առաջին պլան մղելը, հիմնականում միմյանց շանտաժի ենթարկելու միջոց է: Երբ երեխաները մեծանում են եւ կազմում իրենց սեփական ընտանիքները, այնուամենայնիվ, իրենց ծնողները շարունակում են ապրել միասին»,- ասել է հոգեբանը:
Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ երեխաները դառնում են ամուսնալուծության պատճառ, ապա ԱՀԹ Բյուրականի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Ղազար քահանա Պետրոսյանը կարծում է, որ ամուսնալուծության ժամանակ երեխաների հարցը չպետք է անտեսել:
NEWS.am.Medicine-ի թղթակցի այն հարցին, թե որ դեպքերում է եկեղեցին թույլ տալիս ամուսնալուծություններ, նա պատասխանեց, որ կան մի քանի պատճառներ: Նրանցից առաջինը շնությունն է: Ընդ որում, մեղսավորը կորցնում է երկրորդ անգամ ընտանիք կազմելու իր հնարավորությունը: Մյուս պատճառներից են ամուսիններից մեկի բացակայությունը յոթ տարի շարունակ եւ մահը: Մեր այն հարցին, թե ճիշտ է արդյոք, որ բերանի տհաճ հոտը կարող է դառնալ ամուսնալուծության պատճառ, ինչպես գրում են համացանցում, Տեր Ղազարը բացասական պատասխան տվեց:
Յանա Ավչիյան
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր