• Latest news

Սրա մասին բոլորը պետք է իմանան. Ինչու՞ եւ ինչպե՞ս է պետք պատրաստվել ծննդաբերությանը

21 հունիսի, 2014  11:48

Հայաստանում ծննդաբերությանը նախօրոք պատրաստվելն այնքան էլ ընդունված չէ: Շատ հաճախ ապագա մայրերն ասում են, որ չեն ցանկանում նախորոք իմանալ, թե ինչ է իրենց սպասվում. նրանք նույնիսկ վախենում են ծննդաբերության մասին մտածել: Գինեկոլոգ Շուշանիկ Բախշյանի կարծիքով՝ այսպիսի մոտեցումը սխալ է, եւ կինը պետք է նախորոք պատրաստվի ծննդաբերությանը:

Շուշանիկ Բախշյանի կարծիքով՝ ծննդաբերությունը կնոջ կյանքում շատ կարեւոր իրադարձություն եւ փորձություն է, եւ դրան պատրաստվել է պետք. ցանկացած քննություն հիանալի կանցնի, եթե լավ պատրաստված լինես:

Իսկ ինչպե՞ս է պետք նախապատրաստվել ծննդաբերությանը:

Ինչպես գինեկոլոգն է նշել, ծննդաբերությանը ճիշտ նախապատրաստվելու համար պետք է թե տեսական գիտելիքներ եւ թե գործնական հմտություններ ունենալ: Տեսական մասը կարելի է նաեւ հղիությունը վարող բժշկից ստանալ, իսկ դրանք գործնականում կիրառելու մասին տեղեկությունները` հղիների դպրոցներում, համացանցում կամ հղիների համար նախատեսված ամսագրերում: Այդ գիտելիքները, բժիշկի խոսքով, կօգնեն մաքսիմալ հեշտացնել ծննդաբերությունը:

«Հղիների մեծ մասը, մանավանդ եթե խոսքն առաջին ծննդաբերության մասին է, լարվում է երեխա լույս բերելուց առաջ: Ինչու՞: Որովհետեւ վախենում են եւ չգիտեն, թե ինչ է լինելու, ինչ է իրենից ներկայացնում ծննդաբերությունը», - նկատել է Շուշանիկ Բախշյանը:

Ծննդաբերության գործընթացը նկատելիորեն դժվարացնող վախից ազատվելու համար կնոջը տեսական գիտելիքներ են անհրաժեշտ: Նա պետք է իմանա, թե երբ եւ ինչպես է սկսվում ծննդաբերությունը, որքան է այն տեւում, ինչպես է ընթանում, երբ եւ ինչ բնույթի ցավեր են լինում:

Շուշանիկ Բախշյանի կարծիքով, երբ կինը գիտի, թե իրեն ինչ է սպասվում, ավելի վստահ է դառնում եւ կարողանում է իր դերը հասկանալ ու ճիշտ գնահատել: Մասնավորապես, ծննդաբերության ընթացքում ավելի հանգիստ եւ համարժեք պահվածք է դրսեւորում եւ ավելի լավ է կատարում իր դերը՝ հեշտացնելով թե իր, եւ թե մանկաբարձի գործը:

Այսպիսով, տեսական գիտելիքները կարելի է հղիությունը վարող բժիշկից ստանալ: Իսկ արժե՞ արդյոք ծննդաբերության մասին տեսանյութեր դիտել: Շուշանիկ Բախշյանը կարծում է, որ արժե, բայց դրանք դիտելիս չպետք է ավելի շատ վախենալ. հակառակը` պետք է տեղեկությունների եւ գիտելիքների աղբյուր դիտարկել եւ խույս տալ ավելորդ էմոցիաներից ու վախից:

«Ծննդաբերությունը փորձություն է, լուրջ փորձություն է, եւ ինչպես կինը հաղթահարի այն, այնպես էլ իրեն կյանքում կդրսեւորի: Պետք է հասկանալ, որ պատասխանատվություն ես կրում ընտանիքիդ, երեխայիդ եւ քեզ համար», - նկատել է Շուշանիկ Բախշյանը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել