• Latest news

Ակտիվիստները պահանջում են Հայաստանում հեպատիտի բուժումը հասանելի դարձնել

29 հուլիսի, 2014  16:15

Հեպատիտ Ց-ի բուժման եւ հետազոտման ոլորտում Հայաստանում մի շարք լուրջ խնդիրներ կան: Հենց այդ խնդիրները լուծելու փորձ են արել ՁԻԱՀ-ի խնդրի ջատագովության եւ հետազոտության խմբի անդամ կազմակերպությունները եւ աջակիցները՝ Առողջապահության նախարարության դիմաց հուլիսի 29-ին Հեպատիտների դեմ պայքարի համաշխարհային օրվա կապակցությամբ ակցիա կազմակերպելով:

Ինչպես NEWS.am Medicine-ի թղթակցին պատմեց ՁԻԱՀ-ի խնդրի ջատագովության եւ հետազոտության խմբի անդամ «Դրական մարդկանց հայկական ցանց» ՀԿ-ի ներկայացուցիչ Անահիտ Հարությունյանը, ակցիայի մասնակիցները առողջապահության նախարարին ցանկանում էին հանձնել նամակ, որում որոշակի պահանջներ եւ առաջարկներ էին նշված այն մասին, թե ինչ է հարկավոր անել՝ Հայաստանում հեպատիտով հիվանդ մարդկանց վիճակը բարելավելու եւ բուժումը ավելի հասանելի դարձնելու համար:

Հիմնական պահանջները երեքն էին՝ ներդնել հեպատիտ Ց-ի մոնիթորինգի համակարգ՝ հիվանդների հստակ թիվն իմանալու համար, մշակել առանձին ֆինանսավորմամբ ծրագիր հեպատիտ Ց-ի բուժման համար եւ բանակցել դեղամիջոցներ արտադրող եւ ներմուծող ընկերությունների հետ՝ դեղամիջոցների գները սակարկելու համար:

Այս պահին իրոք հայտնի չէ, թե Հայաստանում քանի հոգի հեպատիտ Ց ունի: Համարվում է, որ մեր երկիրն այս հիվանդության տարածվածության առումով «միջին մակարդակում է», եւ հեպատիտ Ց-ով տառապում է բնակչության մոտ 4 տոկոսը: Ավելի հստակ վիճակագրությունը հնարավորթյուն կտա պարզել նաեւ, թե հիվանդներից քանիսը անհապաղ բուժման կարիք ունեն:

Ի դեպ, նույնիսկ եթե Հայաստանի բնակչության միայն 4 տոկոսն ունի հեպատիտ Ց, ստացվում է, որ դա մոտ 115 000 մարդ է, իսկ սա երկրի համար բավական լուրջ թիվ է:

Իրենց նամակում ակտիվիստներն անդրադարձել են նաեւ հեպատիտի բուժման խնդրին. բուժումը Հայաստանում առկա է, բայց այն այնքան թանկ է, որ միայն եզակի մարդիկ կարող են իրենց թույլ տալ:

«Պետական մակարդակով որոշակի քայլեր պետք է ձեռնարկվեն, որպեսզի կարողանանք քայլ առ քայլ ինչ-որ բանի հասնել», - նշեց Անահիտ Հարությունյանը:

Ակցիայի ժամանակ առողջապահության փոխնախարար Վահան Պողոսյանը հրավիրեց ակտիվիստներին իր սենյակ եւ վերցրեց նամակը՝ խոստանալով պատասխանել:

Անահիտ Հարությունյանը մեզ հետ զրույցում նշեց նաեւ, որ նախորդ տարի խումբը նույնպես նմանատիպ ակցիա էր կազմակերպել, սակայն այն ժամանակ ակտիվիստների մոտ ոչ ոք չէր իջել, եւ նրանց նամակը մնացել էր անպատասխան:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է