Կենտրոնական Ֆլորիդայի համալսարանի ուսանող Ալբերտ Մորենոյի ջանքերով 6-ամյա Ալեքս Փրինգի՝ նորմալ տեսք ունենալու երազանքն իրականություն է դարձել: Ալբերտի գլխավորությամբ գործող ուսանողական խումբը փոքրիկի համար բիոնիկ ձեռք է կառուցել, հաղորդում է FoxNews-ը:
Եւ այն էլ ինչպե՞ս՝ եռաչափ տպիչի միջոցով:
Ու ամենագլխավորը՝ աշխատանքի դիմաց ոչինչ չեն պահանջում:
Ալբերտ Մորենոն դեռ վեց տարեկանից էր երազում զարմանահրաշ իրեր կառուցել: Տարիներ անց համալսարանը տվել է նրան այդ հնարավորությունը:
Իսկ ահա 6 տարեկան Ալեսքն ընդամենը երազում էր նորմալ երեխա դառնալ: Փոքրիկը մեկ ձեռքով է ծնվել: Ավելի ճիշտ՝ աջ ձեռքը կիսով չափ է աճել:
«2 թե 3 երեք տարեկան էր, երբ հասկացավ, որ իր հետ ինչ-որ բան այն չէ: Ավտոմեքենայի մեջ նստած էր, երբ ասաց՝ ձեռքերս տարբեր են: Հարցրեցի, թե ինչ նկատի ունի: Մեկը մյուսից կարճ է՝ պատասխանեց», - պատմել է փոքրիկի մայրը:
Հետագայում էլ՝ երբ դպրոց գնաց, համադասարանցիներն էին մեկնաբանություններ անում, ծաղրում էին, թե իբր շնաձուկն է ձեռքի մի մասը կերել, կամ՝ ավտոմեքենայի տակ է ընկել:
Հենց այդ ժամանակ էր, որ երկու տղաների պատմությունները նույն խաչմերուկ հասան:
Փոքրիկի մայրը՝ Ալիսոնը, օգնություն էր փնտրում՝ տղայի համար, իսկ Ալբերտը փնտրում էր մեկին, ով օգնության կարիք ունի:
Կիսատ ձեռքի երկգլուխ մկանին ամրացված սարքը էլեկտրոդների օգնությամբ է աշխատում: Ալեքսը նոր ձեռքին շատ արագ հարմարվեց: Հիմա նա, բոլոր այլ երեխաների նման, կարողանում է աջ ձեռքով գնդակ նետել եւ տնային աշխատանքները գրել:
Մարդիկ տասնյակ հազարավոր դոլարներ են վճարում՝ ձեռքի սովորական պրոթեզ ձեռք բերելու վրա:
Իսկ որքա՞ն է Ալեքսի ձեռքի ինքնարժեքը՝ հիմա կհարցնեք:
«Շուրջ 350 դոլար», - կպատասխանի Ալբերտ Մորենոն:
Այդուհանդերձ, ուսանողները չեն պատրաստվում եռաչափ տպված բիոնիկ վերջույթների վաճառքով զբաղվել:
Փոխարենը՝ կարիք ունեցող երեխաների համար պատրաստ են անվճար ձեռք կամ ոտք պատրաստել:
«Մենք պարտավորություն ունենք… այժմ, երբ գիտությունն այսպիսի զարգացում է ապրել, պետք է միջոց գտնել՝ մարդկանց օգնելու համար… այլապես ո՞ւմ են այդ զարգացումները պետք», - նշել է նա:
Ահա այսպիսի մտածելակերպն է աշխարհը դեպի լավը փոխում:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր