• Latest news

Նորահայտ վիրուսը յուրաքանչյուր երկրորդ մարդու օրգանիզմում կարելի է գտնել

30 հուլիսի, 2014  12:46

Վերջերս Սան Դիեգոյի պետական համալսարանի գիտահետազոտական խմբի անդամները վիրուսի նոր տեսակ են հայտնաբերել եւ մեծ զարմանք ապրել՝ հասկանալով, որ այն յուրաքանչյուր երկրորդ մարդու աղիքում կարող էին գտնել:

Այդուհանդերձ, դեռեւս պարզ չէ, թե ինչ գործառույթների համար է այն պատասխանատու. արդյոք առողջությո՞ւն է խթանում, թե՞ այս կամ այն հիվանդության նկատմամբ զգայունություն հաղորդում:

Գիտնականները 12 մարդկանցից վերցված կղանքի նմուշների ԴՆԹ-ի վերլուծության ընթացքում են վիրուսի առկայության մասին հուշում ստացել: Բոլոր նմուշները վիրուսին հատուկ ԴՆԹ-ի կլաստերներ են պարունակել, հաղորդում է FoxNews-ը:

Հետազոտական խմի անդամները բացահայտված գենետիկ հերթականության նկարագիրը տարբեր մայրցամաքներում բնակվող մարդկանց ԴՆԹ-ի տվյալների բազա են ներմուծել եւ պարզել, որ նորահայտ վիրուսը կարելի է կղանքի նմուշների 75 տոկոսի մեջ գտնել: Այդուհանդերձ, քանի որ դրանց որոշ մասը նույն մարդուց են վերցվել, գիտնականները հաշվարկել են, որ խոսքը երկրագնդի յուրաքանչյուր երկրորդ բնակչի մասին կարող է լինել:

Բայց ինչպե՞ս է այդքան լայն տարածում ունեցող վիրուսը երկար տարիներ աննկատ մնացել: Բանն այն է, որ ԴՆԹ-ի հետազոտություններով զբաղվող գիտնականները նախկինում ընթացիկ նմուշներում առկա օրինաչափությունները միայն բացահայտված հերթականությունների հետ էին համեմատում: Հետազոտության հեղինակներն առաջին անգամ փորձել են ձեռք բերված նմուշների մեջ առկա ԴՆԹ-ի տվյալները միմյանց հետ համեմատել:

Նորահայտ վիրուսը, որ crAssphage անունն է ստացել, բակտերիոֆագ, այսինքն՝ մանրէներն ախտահարող վիրուսների շարքին է դասվում: Ամենայն հավանականությամբ, crAssphage-ի զոհը Բակտերոիդետ անունը կրող աղիքային՝ լայն տարածում գտած մանրէն է:

Այդուհանդերձ, գիտնականներին չի հաջողվել լաբորատոր պայմաններում վիրուսի կրկնօրինակը ստանալ՝ դրա կողմից իրականացվող գործառույթների մասին ավելի լայն պատկերացում կազմելու համար:

«Միանշանակ պարզ է, որ այն գոյություն ունի, բայց լաբորատոր պայմաններում «բռնել» չի հաջողվում», - նշել է հետազոտական խմբի անդամ, համալսարանի բիոնինֆորմատիկայի պրոֆեսոր Ռոբերտ Էդվարդսը՝ հավելելով, թե այն, ամենայն հավանականությամբ, մարդու աղիքում առկա Բակտերոիդետների քանակն է վերահսկում:

Փիթսբուրգի համալսարանի ինֆեկցիոն հիվանդությունների մասնագետ, ազգային մասնագիտական ասոցիացիայի ներկայացուցիչ դոկտոր Ամեշ Ադալջայի խոսքով, եթե վիրուսը լայն տարածում ունի, դեռ չի նշանակում, որ բարօրակ է: Հակառակը՝ փաստը, որ այն մարդկության զգալի մասի օրգանիզմում է առկա, կարող է վկայություն համարվել առ այն, որ բոլորովին էլ հազվադեպ բնութ կրող հիվանդության պատճառ չի հանդիսանում: Օրինակ, խոսքը կարող է քաղցկեղի կամ ճարպակալման մասին լինել:

Այդուհանդերձ, վերհանված հարցերի հստակ պատասխանը ստանալու նպատակով տեւական հետազոտությունների կարիք է զգացվում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել