• Latest news

Մարզային կլինիկաներ. ի՞նչ խնդիրներ կան եւ ինչպե՞ս են դրանք լուծվելու

1 օգոստոսի, 2014  17:59

Շատերն այսօր կարծում են, որ մարզային կլինիկաները նկատելիորեն զիջում են Երեւանի կլինիկաներին՝ թե իրենց հագեցվածությամբ, թե բժիշկների պրոֆեսիոնալիզմով: Կա նաեւ կարծիք, որ մարզային հիվանդանոցներում եւ մասնավորապես ծննդատներում ավելի հաճախ են դժբախտ պատահարներ տեղի ունենում, քան Երեւանում:

Ի՞նչ խնդիրներ կան մարզային բժշկական կենտրոններում: Ինչպե՞ս է հնարավոր լուծել այդ խնդիրները եւ սպասարկումն առավել որակյալ դարձնել:

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ասաց, որ մարզային կլինիկաներում առաջացող խնդիրների պատճառ կարող են հանդիսանալ «ենթակառուցվածքային, կադրային, վերապատրաստման խնդիրները»: Նա նշեց նաեւ, որ մարզային կլինիկաները առողջապահության նախարարության ուշադրության կենտրոնում են գտնվում՝ դրանք այժմ վերանորոգվում են եւ վերազինվում են նոր սարքավորումներով http://med.news.am/arm/news/2737/:

Իհարկե, ժամանակակից սարքավորումներ ունենալը բավական չէ՝ պետք է նաեւ, որ մարզային բժիշկները կարողանան այս սարքավորումներն օգտագործել: Ինչպես լրագրողներին ասաց առողջապահության նախարարը, նախարարությունը փորձում է ոչ միայն նոր սարքավորումներ տրամադրել մարզային կենտրոններին, այլեւ նոր մոտեցումներ եւ գիտելիքներ տալ, իսկ մասնագետներին՝ վերապատրաստել, որպեսզի կարողանան այդ սարքավորումները ճիշտ օգտագործել: Եթե բժիշկները ցանկանում են ավելի լավ ծանոթանալ նոր տեխնոլոգիաներին եւ նոր ոլորտներ ուսումնասիրել, նրանց աշխատում են տալ այդ հնարավորությունը:

Նախարարը հիշեց, որ Գյումրիի բժշկական կենտրոն այցելության ժամանակ մասնագետներից մեկը ցանկություն հայտնեց զբաղվել ծնկան հոդի վիրահատություններով: «Մենք իր ղեկավարին հորդորեցինք միջնորդագիր ներկայացնել, որպեսզի այդ մասնագետը կարողանա վերապատրաստվել ոչ միայն Երեւանի առաջատար կլինիկաներում, այլ նաեւ բյուջեից նախատեսված գումարներով կարողանա վերապատրաստվել արտերկրում», - պատմեց Արմեն Մուրադյանը:

Կա եւս մի խնդիր՝ մարզային կլինիկաներում մասնագետների մեծ դեֆիցիտ է նկատվում: Նախարարի խոսքով, այս խնդիրը նույնպես աշխատում են լուծել:

Ոչ պակաս կարեւոր խնդիր է այն, որ մարզային կլինիկաներում հագեցվածությունը այս պահին խիստ տարբեր է. «Կան հիմնարկներ, որոնք գերհագեցած են, իսկ մի քանի կիլոմետր այն կողմ գտնվող հիմնարկ կարող է աշխատել շատ հին, օրինակ, նարկոզի ապարատով: Իսկ կողքի հիմնարկում կարող են լինել 2-3 շնչառական եւ նարկոզի ապարատներ, որոնցից կիրառվում է միայն մեկը»:

Այս խնդիրը լուծելու համար նախարարությունը հաշվարկել եւ քարտեզագրել է մարզային կլինիկաները, պարզել է, թե որն ինչպես է հագեցած, ինչ կարիքներ ունի, ինչ սարքավորումներ ունի եւ որքան իրականում պետք է ունենա: Այս հաշվարկները հնարավորություն կտան ավելի լավ եւ ճիշտ կերպով «զինել» մարզային կլինիկաները:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել