Վահե Վարդանյանին տարիներ առաջ բախտ է վիճակվել մահամերձ իտալացի աղջկա կյանք փրկել: 7-ամյա աղջիկը արյան սուր լեյկեմիայով էր տառապում, եւ նրան միայն ցողունային բջիջների փոխպատվաստումը կարող էր օգնել: Աշտարակի բնակիչ Վահեն որպես դոնոր հանդես եկավ, եւ նրա ցողունային բջիջների շնորհիվ աղջիկը ողջ մնաց:
Այս դեպքը մոտ 10 տարի առաջ է տեղի ունեցել, իսկ այսօր NEWS.am Medicine-ի թղթակիցը զրուցել է Վահեի հետ եւ դեպքի բոլոր մանրամասները պարզել:
Ինչպես էր Վահեն «դոնորագրվել»
Վահեն Արտաշատից է, որտեղ 2003 թ.-ին ակցիա էր կազմակերպվել՝ մարդկանց հրավիրում էիր դոնորագրվելու եւ բացատրում, թե ինչ է դա նշանակում: Գոյություն ունեն մի շարք արյան քաղցկեղային հիվանդություններ, որոնց բուժման համար ոսկրածուծի ցողունային բջիջների փոխպատվաստում է անհրաժեշտ: Սակայն դրա համար հարկավոր է հիվանդի հետ 100 տոկոսով համատեղելի գենոտիպ կրող դոնոր գտնել:
Վահեն, բազմաթիվ այլ մարդկանց հետ միասին, այդ օրը դոնորագրվել էր: Այդ ժամանակ նա չէր էլ պատկերացնում, որ մեկ տարի անց իտալացի մի աղջիկ իր օգնության կարիքն է ունենալու…
Ինչ պատահեց հետո
«Դոնորագրվելուց» հետո մոտ մեկ տարի անց Վահեին «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» հրավիրեցին, որտեղ եւ տեղեկացավ մի իտալացի աղջկա մասին, ով իր հետ 100 տոկոսով համատեղելի գենոտիպը ունի: Աղջկա մոտ արյան սուր լեյկեմիա էր՝ զարգացման վերջին փուլում: Բուժման բոլոր այլ մեթոդներն այլեւս անարդյունք էին անցնում, եւ անգիտակից վիճակում հայտնված աղջկա ապաքինվելու վերջին շանսը ոսկրածուծի ցողունային բջիջների փոխպատվաստումն էր:
Վահեն համաձայնեց որպես դոնոր հանդես գալ, մի շարք անալիզներ հանձնեց, որոնք հաստատեցին, որ առողջ է, կարող է որպես դոնոր հանդես գալ եւ իրոք հիվանդի հետ համատեղելի գենոտիպ ունի:
Հետո Վահեն Կիպրոս մեկնեց, որտեղից էլ, տեղական ռեեստրի միջամտությամբ, նրա ոսկրածուծի ցողունային բջիջներն Իտալիա ուղարկվեցին:
Ինչպես էր Վահեն ոսկրածուծի ցողունային բջիջներ հանձնել
Վահեի խոսքով, ոսկրածուծի ցողունային բջիջներ հանձնելը բավականին հեշտ գործընթաց է եւ բոլորովին էլ վախենալու չէ, ինչպես շատերն են կարծում: Նրա ձեռքին հատուկ սարք էին միացրել, որն արյուն էր վերցնում եւ մեկ այլ սարքի փոխանցում, որտեղ էլ արյունը ֆիլտրվում էր՝ նախքան դոնորին վերադարձնելը ցողունային բջիջներն էին առանձնացվում:
Վահեի հավաստիացմամբ, ողջ պրոցեդուրան ծակոցի կամ ներարկման պահին զգացվող ցավի էր նման:
Ինչպես էր անցել փոխպատվաստումը
Վահեի ցողունային բջիջներն Իտալիա էին տեղափոխվել եւ 7-ամյա աղջկան ներարկվել: Նույն օրը հիվանդը գիտակցության էր եկել, սկսեց էր խոսել, նույնիսկ երգել եւ նվագել: Ներպատվաստման շնորհիվ նա ոչ միայն կենդանի է մնացել, այլեւ՝ ամբողջովին կազդուրվեց:
Բժշկական եւ դոնորական էթիկայի կանոնները Վահեին թույլ չեն տալիս ուղղակիորեն շփվել աղջկա հետ, բայց նա, բացի անունից, գրեթե ամեն ինչ գիտի իտալուհու մասին: Շուտով աղջիկը 17 տարեկան է դառնալու: Նա այսօր առողջ է եւ դեռ շատ անելիքներ ունի այս կյանքում:
Աղջիկն էլ գիտի, որ Հայաստանում ապրում է մի տղա, ով տարիներ առաջ փրկել է իր կյանքը:
«Ես փրկիչ չեմ, սովորական մարդ եմ, ինչպես դուք, բայց ինձ մեկ այլ մարդու կյանք փրկելու բախտ է շնորհվել: Դա աննկարագրելի զգացողություն է, բառերով այն հնարավոր չէ նկարագրել: Զգում ես՝ իզուր չէ, որ ապրում ես…», - ասել է Վահեն:
Դոնորագրվելու եւ պոտենցիալ դոնոր դառնալու համար կարող եք «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» դիմել: Գուցե մի օր էլ Ձեր ցողունային բջիջները հիվանդ երեխայի կյանք փրկեն:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր