Հայաստանում մանկական վիրաբուժության մակարդակը շատ բարձր է․ այստեղ կատարում են այնպիսի վիրահատություններ, որոնք մասնագետները կատարում են ԱՄՆ հիվանդանոցներում։ NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել ֆրեզնոցի մանկական վիրաբույժ Դեւիդ Հոջը։
«Այն մասնագետները, որոնց ես հանդիպել եմ, շատ բանիմաց էին, լավ կողմնորոշվում էին իրավիճակում եւ գիտեին, թե ինչպես է պետք վարվել։ Երիտասարդների փորձը գուցե չբավականացնի որոշ իրավիճակներում, բայց դա նորմալ է, եւ ես հույս ունեմ, որ կարող ենք նրանց օգնել բարձրացնելու իրենց մակարդակը», - ասել է նա։
Մասնագետին մի քիչ զարմացրել է այն, որ Հայաստանում մանկական վիրաբույժները սովորաբար մասնագիտանում են որեւէ կոնկրետ ոլորտում։ Նրա խոսքով, ԱՄՆ-ում մանկական վիրաբույժը տարբեր օրգանների վրա տարբեր վիրահատություններ է անում, ընդ որում, վիրահատում է բոլոր տարիքի երեխաների, իսկ Հայաստանում մի վիրաբույժը մասնագիտանում է, ասենք, միայն կրծքավանդակի վիրահատություններում, մյուսը՝ որովայնի, երրորդը նորածինների վիրահատություններ է անում եւ այլն։ Սակայն այդ բաժանման մեջ մասնագետը ոչ մի վատ բան չի տեսնում։
Ինչ վերաբերում է Հայաստանում մանկական վիրահատությունների ընդհանուր մակարդակին, բժիշկ Դեւիդ Հոջն այն բավականին բարձր է գնահատում` նշելով, որ Հայաստանում, որքան ինքը հասցրել է նկատել, անում են բոլոր այն վիրահատություններն ու պրոցեդուրաները, որոնք ինքն ու իր գործընկերներն անում են ԱՄՆ-ում։
«Ես չեմ տեսել որեւէ բան, որը մենք անենք, իսկ այստեղի մասնագետներն անել չկարողանան», - նշել է վիրաբույժը։
Ֆրեզնոցի բժիշկների խումբը Հայաստան է եկել հոկտեմբերի 5-ին եւ արդեն հասցրել է աշխատել ինչպես Հայաստանի շրջաններում, այնպես էլ Երեւանի հիվանդանոցներում։ Ինքը՝ Դեւիդ Հոջն առաջին անգամ է Հայաստանում եւ իր այցի ամբողջ ընթացքում եղել է Երեւանի մանկական հիվանդանոցներում, մասնակցել է այնպիսի վիրահատության, որի ընթացքում 12-ամյա երեխայի կրծքավանդակից հսկայական ուռուցք են հեռացրել, նաեւ հայ մասնագետների հետ միասին մասնակցել է բարդ դեպքերի քննարկմանը։ Բժիշկ Հոջը նշել է, որ հայ մասնագետներն իր վրա շատ լավ տպավորություն են թողել։
«Մեր այցի նպատակն է կապեր հաստատել Երեւանի երկու խոշորագույն մանկական հիվանդանոցների վիրաբույժների հետ եւ ապագայում անհրաժեշտության դեպքում բարդ դեպքերի վերաբերյալ նրանց օգնություն եւ փորձագիտական կարծիք տրամադրել», - նշել է վիրաբույժը։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր