• Latest news

Խոզի գրիպ. ինչ պետք է իմանալ դրա մասին

15 հունվարի, 2016  01:55

Անցյալ տարվա վերջից Հայաստանում գրանցվում են  H1N1 գրիպի դեպքեր, որը հայտնի է նաեւ «խոզի գրիպ» անունով: Այսօրվա դրությամբ լաբորատոր հետազոտությունները հաստատել են արդեն 11 կյանք խլած այդ գրիպի ավելի քան  170 դեպք:

Իրենից ի՞նչ է ներկայացնում H1N1-ը: Ինչպես է հնարավոր վարակվել դրանով: Ինչպե՞ս է դրսեւորվում: Ի՞նչ բարդություններ կարող է առաջ բերել: Ո՞վ է ռիսկի խմբում: Ինչպե՞ս պաշտպանվել դրանից: 

Ուրիշ ի՞նչ է պետք իմանալ H1N1 գրիպի մասին:

Մի քիչ պատմություն

А/H1N1 գրիպն ամերիկացի գիտնական Ռիչարդ Շոուպի կողմից բացահայտվել է  1931-ին, սակայն ընդամենը 2009-ին է հայտնի դարձել որպես  «խոզի գրիպ»: Հենց 2009-ին` հունիսի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը   (ԱՀԿ) պաշտոնապես տեղեկացրել է A(H1N1/09) գրիպի սկսվող պանդեմիայի մասին, որը, ԱՀԿ-ի խոսքով, ավարտվեց ընդամենը  2010-ի կեսին` խլելով հազար մարդու կյանք:  

Խոզի գրիպը որքանով է վտանգավոր

2009-ին H1N1-ն իրոք էլ շատ վտանգավոր էր. աշխարհը պատրաստ չէր այդ համաճարակին, այդ պատճառով դա այդքան շատ կյանք խլեց: Այսօր սակայն,  H1N1-ը պանդեմիկ գրիպից վերածվել է սովորական սեզոնային գրիպի. տվյալներ չկան այն մասին, որ դրանից մահացությունը գերազանցում է գրիպի այլ տեսակներից մահացությունը:  

Ինչպես պնդում են մասնագետները, այսօր խոզի գրիպը մարդու մոտ անցնում է այնպես, ինչպես ցանկացած այլ գրիպ: Դեպքերի մեծ մասում եթե հիվանդն ընդհանուր առմամբ առողջ է, գրիպը մեկ շաբաթից անցնում է առանց նույնիսկ դեղերով բուժման: 

Սակայն այսպես կոչված ռիսկի խմբերից մարդկանց մոտ խոզի գրիպը, ինչպես եւ գրիպի այլ տարատեսակները կարող են մի շարք բարդություններ առաջացնել, օրինակ` մանրէածին կամ հարուցիչային թոքաբորբ  (վերջինս զգայուն չէ հակաբիոտիկների նկատմամբ եւ ճիշտ բուժման բացակայության դեպքում կարող է շատ կարճ ժամանակում սպանել մարդուն):

Ով է ռիսկի խմբում

Գրիպով վարակվելուց հետո բարդացումների առաջացման ռիսկն ավելի բարձր է թույլ իմունիտետ ունեցող մարդկանց մոտ: Դրանք են նախ եւ առաջ. 

• Հղի կանայք

• Փոքր երեխաները (նշենք, որ Հայաստանում վարակվածների մեծամասնությունը մինչեւ 18 տարեկան մարդիկ են)

• Տարեցներ

• Թոքերի խրոնիկական հիվանդություններով մարդիկ 

• Սիրտ-անոթային հիվանություններով մարդիկ

• Ուռուցքային հիվանդություններով մարդիկ, հատկապես եթե քիմիաթերապիա են ստանում

• Ճնշված իմունիտետով մարդիկ (օրինակ` օրգանի փոխպատվաստումից հետո)

• Արյան հիվանդություններով մարդիկ

Կարծիք կա, որ հիվանդի մոտ ճարպակալման առկայությունը եւս կարող է վատացնել հիվանդության ընթացքն ու կանխատեսումները: 

Ինչպե՞ս է փոխանցվում H1N1-ը

Գրիպի այդ վիրուսը հնարավոր է հայտնաբերել նաեւ կենդանիների մոտ, սակայն այսօր այն հազվադեպ է փոխանցվում կենդանիներից մարդուն եւ դրա փոխանցման հիմնական ուղին օդն է: Այսինքն եթե վարակված մարդը, օրինակ, փռշտա եւ հազա առողջի կողքին, գրիպի հարուցիչը կարող է օդով փոխանցվել առողջ մարդու օրգանիզմ: Հարուցիչները կարող են հաստատվել նաեւ տարածքների մակերեւույթներին, եւ վարակված մակերեւույթին, հետո քթին կամ շուրթերին դիպչող մարդը  կարող է վարակվել: Գրիպով վարակվել հնարավոր է նաեւ կեղտոտ ձեռքերի միջոցով, հենց դրա համար մասնագետները խորհուրդ են տալիս հաճախ լվալ դրանք: 

Ինչպես է դրսեւորվում H1N1 գրիպը

Քանի որ այսօր H1N1-ն ընթանում է այնպես, ինչպես գրիպի այլ տարատեսակները, նրա ախտանիշներն էլ նման են մյուսների ախտանիշներին. դրանք են ջերմաստիճանի բարձրացումը, գլխացավը, մկաններում եւ ամբողջ մարմնում ցավը, հազը, հարբուխը: Որոշ դեպքերում կարող է ի հայտ գալ փորլուծություն, փսխում եւ ստամոքսի ցավեր: Բոլոր այդ ախտանիշները կարող են դրսեւորվել վարակումից  2-3 օր անց:

Ինքը` հիվանդն իր ախտանիշներով չի կարող հասկանալ, թե իր մոտ գրիպի ինչ տեսակ է. միայն լաբորատոր անալիզը կկարողանա  պարզել դա:  Ավելին, ինչպես նշում են մասնագետները, գրիպի բոլոր տեսակների բուժումը միանման է, այդ պատճառով հիմնականում համաճարակաբաններին է պետք  իմանալ, թե գրիպի հենց որ շտամմն է տարածված այդ սեզոնում: 

Ինչպես պաշտպանվել H1N1-ից

Գրիպով չվարակվելու համար մասնագետները խորհուրդ են տալիս հետեւյալ միջոցները ձեռք առնել.

• Հաճախ օդափոխել տարածքները

• Հիվանդ մարդկանց 1-2 մետրից ավելի չմոտենալ

• Բազմամարդ վայրերում, ինչպես նաեւ տարածքներում, որտեղ կարող են հիվանդներ լինել, բժշկական դիմակներ կրել 

• Հաճախ լվալ ձեռքերը

• Հաճախ թաց գործվածքով սրբել մակերեւույթները 

• Մտածել գրիպի դեմ պատվաստվելու մասին, հատկապես եթե դուք ռիսկի խմբում եք: 

Երբ դիմել բժշկի

Եթե բարձր ջերմաստիճանը ձեզ մոտ պահպանվում է  48 ժամից ավելի, դա արդեն բժշկի դիմելու առիթ է:

Մասնագետները հիշեցնում են, որ եթե դուք գրիպի ախտանիշներ ունեք, եթե ջերմաստիճանը բարձր է եւ վատ ինքնազգացողություն ունեք, ավելի լավ է տանը չնստել եւ ինքնաբուժմամբ չզբաղվել: Ի վերջո այս տարի գրիպի զոհ դարձած մարդկանց մեծամասնությունը հիվանդանոց է դիմել հիվանդանալու 7-10-րդ օրը, մինչդեռ դա պիտի անեին արդեն 2-3-րդ օրը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել