2 հիմնավոր պատճառ՝ աղը պատրաստի կերակուրների վրա ցանելու համար

19:28   28 օգոստոսի, 2014

Աղը, հատկապես՝ յոդավորված աղը, ցանկալի է միայն պատրաստի կերակուրների վրա ցանել, խորհուրդ է տալիս դիետոլոգ-էնդոկրինոլոգ Հասմիկ Աբովյանը: NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցի ընթացքում մասնագետը նշել է, որ կերակրի պատրաստման ընթացքում աղի ավելացումը ծայրահեղ անցանկալի երեւույթ է հանդիսանում՝ հետեւյալ երկու պատճառներով.

Յոդը ուտեստի եփման ընթացքում գոլորշիանում է

Յոդավորված աղը մի շարք երկրներում, այդ թվում նաեւ՝ Հայաստանում վահանաձեւ գեղձի նորմալ գործունեության համար անհրաժեշտ յոդի սահմանափակ թվով աղբյուրներից մեկն է հանդիսանում, ուստի մասնագետները խորհուրդ են տալիս սնվելիս հատկապես յոդավորված աղ օգտագործել: Սակայն խնդիրն այն է, որ ջերմային մշակման ընթացքում (եփում, տապակում, եւն) աղի մեջ առկա յոդը գոլորշիանում է: Այսինքն՝ եփված կամ տապակած ուտեստի պատրաստման ընթացքում ավելացվելիս այն ի վերջո մարդու օրգանիզմ չի անցնում:

Հենց դա է գլխավոր պատճառներից մեկը, թե ինչու են մասնագետները խորհուրդ տալիս աղը միայն պատրաստի ուտեստի վրա ցանել: Չէ՞ որ այդ պարագայում յոդի գոլորշիացում չի կարող լինել: Թեեւ որոշ մասնագետներ էլ գտնում են, որ աղի ավելացումը միայն ուտեստը սառեցնելուց հետո պետք է ձեռնարկել, քանի որ կարծիք կա, թե յոդը նույնիսկ տաք կերակրի ազդեցությամբ կարող է գոլորշիանալ:

Նույն համը՝ աղի առավել ցածր բաղադրությամբ

Աղն, իհարկե, բարձր օգտակարություն ունի, թեկուզ այն առումով, որ կարող է յոդի կլանման աղբյուր հանդիսանալ, բայց չարաշահման պարագայում էլ մի շարք բարդությունների առաջացմամբ է հղի: Այն, մասնավորապես, օրգանիզմում ավելորդ հեղուկ պահելու արդյունքում՝ զարկերակային ճնշումն ավելացնելու եւ սրտանոթային համակարգի մի շարք խանգարումներ հրահրելու հատկությամբ է աչքի ընկնում: Այդ իսկ պատճառով Հասմիկ Աբովյանը խորհուրդ է տալիս, հնարավորության սահմաններում, սահմանափակ ծավալով աղ օգտագործել:

NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցի ընթացքում մասնագետը նշել է, որ եփված ուտեստների վրա ցանկալի է նույնիսկ աղ չավելացնել, կամ էլ՝ պատրաստի վիճակում աղը ցանել. վերջին դեպքում անհրաժեշը համը ստանալու համար նշանակալիորեն ավելի քիչ աղ կօգտագործեք, քան եթե պատրաստման ընթացքում ավելացնեիք: Իսկ դա արդեն սննդակարգում աղի օգտագործման ծավալների կրճատում է ենթադրում:

 



© NEWS.am Medicine