Հայ մասնագետները քննարկել են ցողունային բջիջների կենտրոն բացելու հնարավորությունը

16:45   27 հունվարի, 2015

Հայ մասնագետները քննարկել են ճարպային հյուսվածքից ցողունային բջիջներ ստանալու համար Երեւանում տարածաշրջանային կենտրոն բացելու հնարավորությունը: Քննարկմանը մասնակցել են պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի եւ Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրի մասնագետները:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի «Cryostem» կազմակերպության աշխատակից Ֆադի Ջոզեֆ Բեջանին ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի մոտ հունվարի 26-ի քննարկման ժամանակ առաջարկել է Հայաստանում ճարպային հյուսվածքից ցողունային բջիջների ստացման կենտրոն բացել:

Ֆադի Ջոզեֆ Բեջանին հայ մասնագետների հետ հանդիպմանն պատմել է «Cryostem» կազմակերպության՝ մի քանի երկրներում ճարպային հյուսվածքից ցողունային բջիջների ստացման կենտրոն ստեղծելու գաղափարի մասին: Կորպորացիան արդեն այդպիսի կենտրոններ ունի Հոնկոնգում, Թայլանդում եւ Թուրքիայում, իսկ հիմա իր կազմակերպության անունից Բեջանին հանդես է եկել  Հայաստանում եւս տարածաշրջանային կենտրոն ստեղծելու վերաբերյալ առաջարկությամբ՝ հաշվի առնելով ցողունային բջիջներ ստանալու եւ տվյալ ուղղվածության հեռանկարի հարցերով մեր երկրի փորձը:

Գաղափարի քննարկումը դեռեւս շարունակվում է, եւ մասնագետները պետք է որոշում կայացնեն՝ հաշվի առնելով բոլոր կարծիքները, հնարավորություններն ու ռիսկերը:

Շատ մասնագետներ ցողունային բջիջները ժամանակակից բժշկության ապագան են համարում: NEWS.am Medicine-ի խմբագրությունը բազմիցս է գրել այն մասին, որ ցողունային բջիջներն այսօր կիրառում են որոշ քաղցկեղածին հիվանդությունները բուժելու ժամանակ: Հիշեցնենք, որ հայ երիտասարդի ցողունային բջիջների շնորհիվ մահվան մահճում գտնվող իտալացի աղջիկը կարողացել է ողջ մնալ եւ ապաքինվել:

Ցողունային բջիջներն այսօր նաեւ ակտիվորեն կիրառում են ռեգեներատիվ բժշկության ոլորտում:



© NEWS.am Medicine