• Latest news

Ձեր ցողունային բջիջները կարող են մեկ այլ մարդու արյան քաղցկեղից բուժել

10 դեկտեմբերի, 2014  11:49

Այսօր արյան քաղցկեղի բուժման առաջին մեթոդը ողջ աշխարհում քիմիաթերապիան է հանդիսանում: Սակայն եթե այն չի օգնում կամ հիվանդությունը որոշ ժամանակ անց կրկնվում է, դեռ չի նշանակում, թե հիվանդը դատապարտված է. գոյություն ունեն նաեւ այլ ժամանակակից բուժման մեթոդներ, որոնցից ամենախոստումնալիցը ոսկրածուծի կամ ցողունային բջիջների փոխպատվաստումն է:

Որքանո՞վ է ցողունային բջիջների փոխպատվաստումն արդյունավետ՝ արյան քաղցկեղի դեպքում

Ինչպես «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Սեւակ Ավագյանն է NEWS.am Medicine-ի թղթակցին պատմել, արյան տարբեր տեսակի քաղցկեղների դեպքում քիմիաթերապիայի արդյունավետությունը մոտ 60 տոկոս է կազմում: Ոսկրածուծի ցողունային բջիջների փոխպատվաստման միջոցով բուժման հավանականությունը հիվանդության տեսակից է կախված. օրինակ՝ լեյկոզի դեպքում հիվանդների մոտ 60 տոկոսը ցողունային բջիջների փոխպատվաստումից հետո փրկվում է, ապլաստիկ անեմիաների դեպքում՝ նույնիսկ 90 տոկոսը։ Սրանք բավական լուրջ՝ մեթոդի արդյունավետության մասին վկայող ցուցանիշներ են։

«Հավատացնում եմ, եթե հիվանդ երեխայի մորը հարցնեք՝ արժե՞ արդյոք այնպիսի բուժում փորձել, որի հաջողման հավանականությունն ընդամենը 1 տոկոս է, նա կասի՝ իհարկե», - նշել է Սեւակ Ավագյանը։

Ինչո՞ւ հնարավոր չէ ոսկրածուծի ցողունային բջիջների փոխպատվաստման մեթոդն ավելի հաճախ կիրառել

Ոսկրածուծի ցողունային բջիջների փոխպատվաստման հիմնական դժվարությունը համատեղելի դոնոր գտնելու մեջ է կայանում, քանի որ դոնորը եւ հիվանդը պետք է 100 տոկոսով համատեղելի լինեն: Թվում է, թե՝ չկա աշխարհում երկու մարդ, որոնք նույն գենետիկ կառուցվածքն ունեն, բայց պարզվում է՝ այդպիսի մարդիկ կան, ուղղակի նրանց պետք է գտնել:

Ցանկացած հիվանդի համար ամենաառաջին հավանական դոնորները արյունակից քույրերն ու եղբայրներն են։ Սեւակ Ավագյանի ներկայացմամբ, 4 երեխա ունեցող ընտանիքում հավանականությունը, որ նրանցից երկուսը համատեղելի կլինեն, 25 տոկոս է։ Դա փոքր թիվ չէ, պարզապես մեր իրականության պայմաններում 4 երեխա ունեցող ընտանիքներն են քիչ։ Այսպիսով, ընտանիքներում երեխաների թվի նվազելու հետ մեկտեղ դոնոր գտնելու հավանականությունը եւս նվազում է։

Խնդիրի լուծման նպատակով տարիներ առաջ Մեծ Բրիտանիայում ոչ ազգակից դոնորների ռեեստր է ստեղծվել՝ այն մարդկանց ներառմամբ, ովքեր պատրաստ են ցողունային բջիջներ նվիրաբերել բոլոր նրանց, ում հետ գենետիկորեն համընկնում են։

Ոչ ազգակից դոնորների ռեեստրները՝ ողջ աշխարհում

Աշխարհում այսօր ոսկրածուծի ցողունային բջիջների դոնորների 67 ռեեստր գոյություն ունի, որոնցում 22 միլիոն դոնոր է ընդգրկված։ 7 միլիարդանոց մոլորակի համար այս թիվը չափազանց փոքր է։

Նման ռեեստր նաեւ Հայաստանում է գործում՝ հայտնի որպես «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» բարեգործական հիմնադրամ: Ռեեստրի գործունեության հիմնական նպատակը լեյկոզով եւ արյան քաղցկեղով հիվանդ երեխաների ու մեծահասակների համար դոնորներ գտնելն է։

«Մեր նպատակն է՝ մարդու գենետիկ կեսին գտնել», - NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցի ընթացքում նշել է ռեեստրի տնօրենը:

Նախկին խորհրդային միության տարածքում այս ռեեստրը միակն է, եւ այնտեղ, այս պահի դրությամբ, մոտ 26 000 դոնոր է ընդգրկված՝ 10 միլիոն հայ պոտենցիալ շահառուների համար։ Սեւակ Ավագյանի հավաստիացմամբ, որքան դոնորների թիվն ավելանա, այնքան համընկումների հավանականության աճ կարող է նկատվել, ինչի արդյունքում ոսկրածուծի ցողունային բջիջների փոխպատվաստման կարիք ունեցող մարդիկ դոնոր գտնելու եւ ապաքինվելու հավելյալ շանս կստանան։

Հայ պացիենտին միայն հայ դո՞նորը կհամընկնի

Պարզվում է՝ հայերի՝ յուրահատուկ լինելու մասին կատակը գիտա-բժշկական հիմքեր ունի. դարերի ընթացքում հայերն իրոք յուրահատուկ գենետիկ կառուցվածք են ձեւավորել, որի շնորհիվ մեծ է հավանականությունը, որ հայ հիվանդը կարող է հենց հայերի շրջանում համատեղելի դոնոր գտնել։

Սակայն, իհարկե, հնարավոր է, որ հայը դոնոր լինի նաեւ այլազգի երեխայի կամ մեծահասակի համար։ Ոչ շատ վաղուց նման դեպք, ի դեպ, եղել է՝ Արարատի մարզից Վահե անունով հայ տղան 100 տոկոսով համընկել է իտալացի մի աղջկա հետ, եւ նրա ցողունային բջիջների շնորհիվ աղջիկն անապիքնվել է:

Ձեր ցողունային բջիջները նույնպես կարող են որեւէ մեկի կյանքը փրկել, այնպես որ «դոնորագրվեք»՝ դարձեք պոտենցիալ դոնոր: Դրա համար ընդամենը մի քանի կաթիլ արյուն է հարկավոր:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել