• Latest news

Կենսաբանական ծագում ունեցող դեղեր. բուժման հեղափոխություն

26 ապրիլի, 2024  11:01

Ժամանակակից բժշկության մեջ այսօր մեծ կիրառություն են ստացել այսպես կոչված կենսաբանական դեղերը, որոնք բժշկի կարևոր գործիք են դարձել։

Ինչո՞վ են դրանք տարբերվում քիմիական դեղերից եւ ինչպիսի՞ առանձնահատկություններ ունեն

Ըստ ծագման այսօր տարբերում են փոքր և խոշոր մոլեկուլներից ստացված դեղեր, ինչպես նաև գենային դեղեր։ Կենսաբանական դեղերը քիմիականից տարբերվում են իրենց ծագումով, մոլեկուլների չափերով և ազդեցության մեխանիզմներով։  

Քիմիական սինթեզի արդյունքում ստեղծվում են փոքր մոլեկուլներով դեղեր, որոնք հայտնի են որպես սինթետիկ կամ քիմիական դեղեր (Նկար 1)։ Կենսատեխնոլոգիական առաջընթացին զուգահեռ սկսեցին ստեղծվել կենսաբանական, մեծ կամ խոշոր մոլեկուլներով դեղեր (Նկար 2), իսկ շնորհիվ մոլեկուլյար կենսաբանության առաջընթացի` այսօր արդեն ստեղծվում են գենային և բջջային դեղեր, որոնք առանձնանում են թիրախային ազդեցությամբ։                                                                           

istockphoto-1254951448-612x612.jpg (20 KB)

Նկար 1․ Փոքր մոլեկուլային դեղ     

(Ասպիրին)     

insulin-aspart-molecule-laguna-designscience-photo-library.jpg (161 KB)

Նկար 2ա․ Մեծ մոլեկուլային դեղ   

(Ինսուլին) 

iggnobackground.jpeg (29 KB)

Նկար 2բ ․ Խոշոր մոլեկուլային դեղ     

(Թերապեվտիկ հակամարմին)

Քիմիական դեղերը (Նկար 1), ինչպես երևում է նկարից, փոքր են, դրանք կարող են ներթափանցել բջիջների մեջ և ներսում վերափոխել քիմիական ռեակցիաները՝ ապահովելով բուժման արդյունքը։ Այս դեղերն ունեն երկար հետազոտման նախապատմություն և լավ ուսումնասիրված են, ինչը թույլ է տալիս բժիշկներին կանխորոշել դրանցով պայմանավորված կողմնակի ազդեցությունները և ժամանակին կանխել դրանք։ Սակայն պետք է հիշել, որ այս դեղերն օրգանիզմում ունեն ավելի լայն ազդեցության մեխանիզմ, ինչպես նաև կուտակման հատկություն։ Դրա համար բուժող բժիշկը դուրս է գրում դրանք պահանջվող դեղաչափով, ունի օգտագործման հստակ սխեմա, որից շեղվել չի կարելի։

Կենսաբանական դեղերը (Նկար 2ա, բ) ունեն ազդեցության իրենց հատուկ մեխանիզմը։ Դրանք խոշոր են և հիմնականում չեն ներթափանցում բջջի մեջ։ Հայտնվելով օրգանիզմում՝ դրանք փոխազդում են բջջի վրա գտնվող սպիտակուցների, այսպես կոչված, թիրախների հետ (checkpoints)՝ արգելակելով կամ խթանելով բջջի գործունեությունը։ Այս մեխանիզմով էլ հնարավորություն է ստեղծվում ընտրողաբար ազդել թիրախ բջիջների վրա և վերահսկել հիվանդության ընթացքը։ Այս երևույթը հայտնի է որպես թիրախային ազդեցություն, քանի որ դեղն ազդում է իր թիրախի վրա, այլ ոչ թե ամբողջ օրգանիզմի, ինչպես քիմիական դեղերի դեպքում։

1590241396611.jpeg (15 KB)

Սակայն պետք է հիշել, որ կենսաբանական դեղերն ունեն իմունոգեն ազդեցություն. այս դեղերի կառուցվածքը նման է մարդու սպիտակուցների կառուցվածքին և դա կարող է առաջացնել մարդու սեփական պաշտպանական մեխանիզմների հակահարվածը օտար սպիտակուցներին։ Սա կոչվում է իմունոգեն ազդեցություն։ Դեղի իմունոգեն հատկությունը պայմանավորված է նրա մոլեկուլային կազմով։ Որքան այն մոտ լինի մարդու սպիտակուցային կազմին և քիչ հավելյալ նյութեր պարունակի, այնքան իմունոգեն ազդեցությունը փոքր կլինի, իսկ բուժման արդյունքը՝ երկարատև։ Այդ իսկ պատճառով շատ կարևոր է կենսաբանական դեղերը ճիշտ տեղափոխել, պահել և կիրառել։ Սխալ պահպանման կամ տեղափոխման դեպքում ազդող նյութի սկզբնական կարգավիճակը տարբեր գործոնների ազդեցությամբ կարող է փոխվել։

Եթե փոքր մոլեկուլային դեղերը գրեթե չեն պահանջում հատուկ տեղափոխման և պահպանման պայմաններ, ապա կենսաբանական դեղերը խիստ պահանջկոտ են։ Դա պայմանավորված է նրանով, որ դրանք սպիտակուցային դեղեր են։

Ի՞նչ է դա նշանակում

Սպիտակուցը, ի տարբերություն քիմիական նյութերի, շատ զգայուն է արտաքին միջավայրի ազդեցության նկատմամբ։ Պատկերացրեք ձուն, որը արտաքինից պատված է իր կեղևով։ Այս պարագայում ձվի կեղևը կարող է ծառայել որպես ձվի սպիտակուցի կամ դեղնուցի «տարա», բայց այն չի պաշտպանում ջերմային, լուսային, ճառագայթային ազդակներից։ Դրանց ազդեցությամբ սպիտակուցը քայքայվում է, ենթարկվում բնափոխման՝ դենատուրացիայի: Ձվի կեղևի պես կենսաբանական դեղի սրվակը նույնպես չի կարող պաշտպանել իր մեջ պարունակվող սպիտակուցը նման ազդակներից, որի հետևանքով առաջանում է սպիտակուցի դենատուրացիա, որը երևում է անզեն աչքով․ լուծույթի մեջ հայտնվում է փաթիլավորում, նստվածք և այլն։ Դենատուրացիան կարող է առաջանալ օդի ջերմաստիճանի բարձրացումից կամ կտրուկ նվազումից, երբ տեղի է ունենում գերսառեցում։

Դեղագիտության ոլորտում կենսաբանական նյութերի տեղափոխման և պահպանման հատուկ պայմանները կոչվում են սառցային շղթա (cold chain), որի համաձայն՝ այդ դեղերի տեղափոխման համար անհրաժեշտ են հատուկ պայմաններ, որոնք ապահովում են դեղի համար 5-8°C ջերմաստիճան։ Կենսաբանական դեղեր արտադրող կազմակերպությունները հոգ են տանում և ապահովում են դեղերի անվտանգ տեղափոխումը մինչև վերջնական սպառող։ Այդ իսկ պատճառով կենսաբանական դեղ պետք է ձեռք բերել վստահելի դեղատներից, որոնք ապահովում են սառցային շղթայի կանոնները։ Խուսափե՛ք կենսաբանական դեղ ձեռք բերել առցանց, ոչ արտոնագրված դեղատներից կամ անհատներից, որոնք հնարավոր է պատկերացում էլ չունեն դեղի սկզբնաղբյուրի մասին։  

Կենսաբանական դեղերը լայն կիրառում ունեն ուռուցքաբանության, նյարդաբանության, ռևմատոլոգիական հիվանդությունների բուժման համար։ Այս դեղերի շնորհիվ բազմաթիվ հիվանդությունների բուժման մեջ կատարվել է հեղափոխություն՝ ապահովելով աննախադեպ արդյունք։

Սակայն այդ արդյունքին հասնելու համար շատ կարևոր է որակյալ դեղի ձեռք բերումը արտոնագրված դեղատներից։ Պետք է խուսափել հնարավոր անորակ կամ կեղծ դեղերի ձեռք բերումից, թեկուզև ավելի մատչելի գնով։

Եթե քիմիական դեղերը կարելի է լիովին կրկնօրինակել և ստանալ նույն դեղի ջեներիկ՝ կրկնօրինակված տարբերակը, ապա կենսաբանական դեղերը գրեթե անհնար է կրկնօրինակել։ Ցանկացած դեպքում այն կտարբերվի իր հիմնական կազմով առաջնային տարբերակից։ Այդ պատճառով կենսաբանական դեղերի կրկնօրինակները կոչվում են կենսանմանակներ կամ biosimilars։ Կենսանմանակ կարգավիճակ ստանալու համար դեղ արտադրող կազմակերպությունները պետք է կատարեն լայնածավալ հետազոտություններ, հաստատեն կենսանմանակի հավակնող դեղի արդյունավետությունը և անվտանգությունը օրիգինալ դեղի համեմատ, ապա անցնեն համապատասխան քննություն և ստանան կենսանմանակ կարգավիճակ դեղերը վերահսկող կազմակերպությունների կողմից (FDA, EMA):

Ցանկացած դեղի կիրառման նպատակն է հիվանդության կառավարումը կամ լիարժեք բուժումը։ Օգտագործեք որակյալ դեղեր և եղեք առողջ։

 Հղումներ

 How do Drugs and Biologics Differ? Biotechnology Intervention Technique. Available at: https://archive.bio.org/articles/how-do-drugs-and-biologics-differ.

Anshu Kuriakose et al, Immunogenicity of Biotherapeutics: Causes and Association with Posttranslational Modifications; J Immunol Res. 2016; 2016: 1298473. Available at: https://www.ncbi.nlm.nih.gov/pmc/articles/PMC4942633/

Yihua Bruce Yu et al, Grand Challenges in Pharmaceutical Research Series: Ridding the Cold Chain for Biologics. Available at: Grand Challenges in Pharmaceutical Research Series: Ridding the Cold Chain for Biologics - PMC (nih.gov) 

Judith Stewart et al, What biosimilars have been approved in the United States? Last updated on April 17, 2024. Avaliable at: What biosimilars have been approved in the United States? (drugs.com)

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է