Ալկոհոլը երբեմն կարող է օգտակար լինել, իսկ ծխելը՝ երբեք

16:04   30 հունվարի, 2015

Որոշ դեպքերում ալկոհոլային ըմպելիքների չափավոր օգտագործումը կարող է օգտակար լինել, սակայն ծխախոտը ոչ մի դրական ազդեցությամբ օժտված չէ եւ կարող է միայն վնասել: Այսպիսի կարծիք է հայտնել սրտաբան Մարինե Օրդյանը:

Նրա խոսքով, գիտնականները վերջերս ուսումնասիրել են անոթների էնդոթելի (ներքին մակերեւույթ) վրա տարբեր գործոնների ազդեցությունը: Պարզվել է՝ անոթների վրա բոլորից վատ ազդում է նիկոտինը, որը պարունակվում է ծխախոտներում: Այն էնդոթելն ավելի է քայքայում, քան շաքարախտը եւ անոթները վնասող մյուս բոլոր հիվանդությունները կամ գործոնները:

Բացի դրանից, ծխող մարդկանց անոթները նեղանում են, իսկ ճնշումը՝ բարձրանում, որն էլ իր հերթին մեծացնում է կաթվածների եւ ինֆարկտների զարգացման հավանականությունը:

«Ծխելը ՈՉ ՄԻ դրական ազդեցություն չունի: Եթե ալկոհոլի մեջ մի քիչ օգուտ կա, նույնը չի կարելի ծխախոտի մասին ասել»,-ասել է բժիշկը:

Հիշեցնենք, որ ծխելը Հայաստանում սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկի թիվ մեկ գործոնն է:

Ծխելը նաեւ օնկոլոգիական հիվանդությունների զարգացման ռիսկի լուրջ գործոն է: Մասնագետները համոզված են, որ քաղցկեղի շատ դեպքերից հնարավոր կլիներ խուսափել, եթե պարզապես մարդիկ հրաժարվեին ծխելուց: Հետաքրքիր է, որ ծխելը նպաստում է ոչ միայն թոքերի քաղցկեղի, այլեւ մի շարք ուռոլոգիական ուռուցքների, այդ թվում միզապարկի եւ շագանակագեղձի քաղցկեղների առաջացմանը: Ծխելը նաեւ վատթարացնում է տղամարդկանց եւ կանանց վերարտադրողական առողջությունը եւ նպաստում սթրեսային անմիզապահության առաջացմանը: Եվ, իհարկե, ծխելը՝ ինչպես ակտիվ, այնպես էլ պասիվ, եւս վնասակար է աչքերի համար:



© NEWS.am Medicine