Այսօր՝ մարտի 3-ին, նշվում է ԱՀԿ-կողմից սահմանված ականջի առողջության եւ լսողության պահպանման միջազգային օրը (International Day for Ear and Hearing):
ԱՀԿ-ի տվյալներով՝ լսողության եւ ականջի հետ կապված խնդիրներով տառապում է ավելի քան 275 միլիոն մարդ: Ավելին՝ լսողության կորուստն այսօր սենսորային հաշմանդամության աշխարհում ամենատարածված տարբերակներից մեկն է:
Խլության եւ լսողության մասնակի կորստի հիմնական պատճառ են համարվում ականջի քրոնիկ ինֆեկցիաները, մի շարք հիվանդություններ (կարմրուկն ու կարմրախտը, խոզուկը, մենինգիտը), ինչպես նաեւ արտաքին միջավայրի եւ մի շարք դեղամիջոցների վնասակար ազդեցությունը: Իսկ լսողական բնածին խնդիրների պատճառ կարող են լինել ծնողների անառողջ ապրելակերպը կամ սեռավարակները, որոնք առկա էին նրանց մոտ երեխայի բեղմնավորման պահին եւ հղիության ընթացքում: Բժիշկների կարծիքով՝ լսողական խնդիրների կեսից ավելին կարելի է վերացնել՝ ազատվելով դրանք հարուցող պատճառներից:
Լսողական բնածին կամ ձեռք բերված խանգարումներով մարդկանց կարելի է փոխհատուցել լսողության կորուստը կոխլեար իմպլանտացիայի միջոցով, որն իրականացվում է Հայաստանում արդեն 10 տարի: Վերջերս 10 ամսական երեխա է ենթարկվել այսպիսի վիրահատության : Կոխլեար իմպլանտացիայի միջոցով վերականգնել են նաեւ Քարվաճառցի աղջնակի լսողությունը :
Գիտնականներն այսօր աշխատում են լսողությունը վերականգնող նոր այլընտրանքային միջոցների մշակման ուղղությամբ: Այդպես, վերջերս ստեղծած սարքավորումը թույլ է տալիս լսել լեզվի միջոցով: