• Latest news

Հայկական կոխլեար իմպլանտացիան 10 տարեկան է (ֆոտո)

10 հոկտեմբերի, 2014  14:53

Կոխլեար իմպլանտացիայի ենթարկված առաջին հայ հիվանդը՝ Արտյոմը, ներկայումս 12 տարեկան է եւ հանրակրթական դպրոցի 7-րդ դասարանում է սովորում: 10 տարի առաջ իրականացված առաջին վիրահատության բոլոր մասնակիցներն այսօր քիթ-կոկորդ-ականջաբանների՝ Հայաստանում կոխլեար իմպլանտացիայի 10-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովի էին հրավիրվել: 

Վիրաբույժների, սուրդոլոգների, ինչպես նաեւ բարեգործական կազմակերպությունների եւ իմպլանտներ արտադրող ընկերությունների շնորհիվ լսողությունը վերականգնած երեխաները, ի նշան երախտագիտության, փուչիկներով եւ ծաղիկներով էին միջոցառմանը ներկայացել, ինչպես նաեւ փոքրիկ նվեր բերել գիտաժողովի մասնակիցներին՝ ուրախ եւ հուզիչ տեսանյութ այն մասին, թե ինչպիսի կյանք են ձեռք բերել՝ տարատեսակ ձայներով վխտող այս աշխարհում: 

Աուդիոլոգիայի եւ ձայնապրոթեզավորման ռուսական գիտապրակտիկ կենտրոնի բժիշկ Վիգեն Բախշինյանը, ով նույնպես Հայաստանում տվյալ ոլորտի բոլոր կարեւոր իրադարձությունների անմիջական մասնակիցն է եղել, մինչ այժմ իրականացված վիրահատությունների տեսաշար է ներկայացրել, ներառյալ առաջինը, երբ Արտյոմին էին վիրահատում եւ վերջինը, երբ կոխլեար իմպլանտը Լեռնային Ղարաբաղը ներկայացնող առաջին հիվանդին՝ 14-ամյա  քարվաճառցի Կարինե Մինասյանին է ներպատվաստվել:

Մի փոքր վիճակագրություն. վերջին 10 տարիներին Հայաստանում գրեթե 80 կոխլեար իմպլանտացիա է իրականացվել, 72 դեպքում՝ Հայաստանի, եւ 4 դեպքում՝ Վրաստանի քաղաքացիների նկատմամբ: Երկու երեխաներ էլ BAHA իմպլանտացիայի են ենթարկվել. այս նոր՝ ոսկրային հաղորդականությամբ գործող ձայնային սարքի ներպատվաստման մեթոդը Հայաստանում 2013թ.-ին է գործի դրվել: Ընդհանուր առմամբ, կոխլեար իմպլանտացիայի ենթարկված հիվանդներից 63-ը անչափահասներ են եղել, մնացած 9-ը՝ 18-ից բարձր տարիքի: Վիճակագրությունը գիտաժողովի շրջանակում քիթ-կոկորդ-ականջաբան Գայանե Սարգսյանն է ներկայացրել: 

Իսկ ահա Հայաստանում կոխլեար իմպլանտացիայի կայացման պատմությանը Լենհարդի անվան բարեգործական հիմնադրամի նախագահ, նախկինում՝ իմպլանտների արտադրությամբ զբաղվող Cohlear ավստրալական ընկերության ղեկավար Մոնիկա Լենհարդը եւ «Էրեբունի» բժշկական կենտրոնի ԼՕՌ բաժանմունքի ղեկավար Արթուր Շուքուրյանն են անդրադարձել:

Ամեն ինչ հիշյալ երկու անձանց՝ ամերիկյան գիտաժողովի շրջանակում՝ 1999թ.-ին կայացած հանդիպումից է սկսվել. այդ ժամանակ Հայաստանում կոխլեար իմպլանտացիայի ներդրման գաղափարը ֆանտաստիկայի ժանրից էր թվում: Իսկ այսօր նույնիսկ այլ երկրներից են Շուքուրյանի մոտ վիրահատվելու գալիս, իսկ տիկին Լենհարդը գումար է հավաքում՝ հայ երեխաների համար իմպլանտներ ձեռք բերելու նպատակով:

 Արթուր Շուքուրյանն ընդգծել է, որ Միջազգային բժշկական հիմնադրամի ղեկավար Սալբի Ագարակյանը եւ UCLA քալիֆորնիական համալսարանի առաջատար օտովիրաբույժ Ակիրա Իշիյաման եւս մեծ ներդրում ունեն՝ Հայաստանում կոխլեար իմպլանտացիայի զարգացման հարցում: Ժամանակին իր՝ ուժերի ներածին չափով օգնությունն է տրամադրել նաեւ «Էրեբունի» բժշկական կենտրոնի նախկին ղեկավար Հարություն Քուշքյանը, ով, առողջապահության նախարար նշանակվելուց հետո, կոխլեար իմպլանտացիայի ծրագրին պետական կարգավիճակ տրամադրելու նախաձեռնությամբ է հանդես եկել: Բացի այդ էլ, պետական միջոցներով տարեկան երկու իմպլանտ ձեռք բերելու մասին որոշում է կայացվել: Մշտական օժանդակություն է ստացվում նաեւ իմպլանտների արտադրությամբ զբաղվող Cochlear ընկերությունից, որն այս անգամ էլ՝ տարեդարձի պատվին, վերջին մոդելի մեկ իմպլանտ է նվիրաբերել (այդ մասին առավել մանրամասն՝ հաջորդ նյութում), ինչպես նաեւ Լենհարդի հիմնադրամից, որը հայ երեխաների համար իմպլանտների ձեռքբերման նպատակով անհրաժեշտ միջոցների հավաքագրմամբ է զբաղվում:

Իր հերթին, Մոնիկա Լենհարդը նշել է, որ իր գլխավոր նպատակն է Հայաստանում կոխլեար իմպլանտացիայի՝ պետական աջակցությանը հասնել: Ցավոք սրտի, նրա խոսքով, նման բան դեռեւս տեղի չի ունեցել, սակայն հույս կա, որ իրենից հետո Cochlear ընկերության ղեկը ստանձնած մասնագետներին կհաջողվի այդ հարցում առավել մեծ արդյունքների հասնել: Մինչ այդ, բիզնեսից բարեգործության ոլորտ անցած տիկին Լենհարդի ջանքերով երկու հայ տղաներ՝ Յակովն ու Արթուրն անվճար իմպլանտ են ստացել, իսկ ներկայումս էլ  3-ամյա Սեւակի համար անհրաժեշտ գումարների հավաքագրում է ընթանում:

Միջոցառման ընթացքում աուդիոլոգների միջազգային ասոցիացիայի նախագահ, աուդիոլոգիայի եւ ձայնապրոթեզավորման ռուսական գիտապրակտիկ կենտրոնի ղեկավար Գեորգի Տավարթքիլաձեն եւ Cochlear ավստրալական ընկերության ղեկավար Ֆրենկ Քոլը պատվոգրեր են հանձնել Արթուր Շուքուրյանին: Ասոցիացիայի անունից շնորհավորանքի խոսքն ընթերցելով, Գեորգի Տավարթքիլաձեն հետեւյալ խոսքերն է հղել բժշկին. «Մեր բախտը բերել է՝ Ձեզ հետ, եւ հույս ունեմ, որ Ձեր բախտն էլ մեզ հետ է բերել»:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել