Շունը ատամնաբույժի օգնական է «աշխատում» ԱՄՆ-ում (ֆոտո)

6 ապրիլի, 2016  16:16

6-ամյա Ջո Ջոն ոսկեգույն ռետրիվեր ցեղատեսակի հատուկ ուսուցում անցած շուն է, որն օգնում է մանկական ատամնաբույժին եւ հանգստացնում է փոքրիկ հիվանդներին Իլլինոյսի նահանգի կլինիկաներից մեկում: 

Շատ երեխաներ վախենում են ատամները բուժել, բայց Pediatric Dentistry of Northbrook-ից բժիշկ Պոլ Էգգերն ասում է, թե Ջո Ջոն երեխաներին օգնում է հաղթահարել վախը. փաղաքշելով Ջո Ջոյի փափուկ մորթը կամ նրա թաթը բռնելով` երեխաները հանգստանում են: Այդ պատճառով Ջո Ջոյի պաշտոնական պարտավորությունների մեջ է մտնում երեխաների մոտ պաշտպանվածության եւ հարմարավետության զգացողություն առաջացնելը: 

Կլինիկա հատուկ վարժեցված շուն բերելու գաղափարը պատկանում է Ջո Ջոյի տիրոջը` Լինն Ռայանին: Օհայոյի նահանգային համալսարանի Անասնաբուժության կենտրոնից բժիշկ Շերիլ Լոնդոնը  նշում է, որ կենդանիները հատուկ հավաստագիր պիտի ունենան նման աշխատանք կատարելու համար: Թերապիայում օգտագործվող շները լուրջ պարապմունքներ են անցնում, այդ պատճառով միակ հակացուցումը հիվանդների մոտ շներից ալերգիան է: 

Ստոմատոլոգիական կլինիկան Ջո Ջոյի առաջին աշխատավայրը չէ: Շատ անգամներ նա  օգնել է երեխաների եւ մեծերի հոգեբանական վերականգնմանը: Ջո Ջոյի ծառայողական ցուցակում է նաեւ Sandy Hook տարրական դպրոցը, որտեղ 2012-ին 20 տարեկան երիտասարդը 26 մարդ էր գնդակահարել եւ երկու հոգու վիրավորել էր: Ողբերգությունից հետո շունը հոգեբանական աջակցություն էր ցուցաբերում սովորողներին: 

Ստոմատոլոգիական հաստատությունում Ջո Ջոն ստոմատոլոգի օգնական է համարվում: Նա աշխատավայր է գալիս ամիսը մեկ, նրան ներգրավում են միայն այնպիսի հիվանդների հետ աշխատանքում, որոնք նրանից չեն վախենում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում