Բերանի ողողման հեղուկ՝ լավացնո՞ւմ, թե՞ վատացնում է շնչառությունը

1 մարտի, 2014  20:06

Ամեն տարի մարդիկ մոտ 10 մլրդ դոլար են ծախսում բերանի խոռոչի հիգիենայի պարագաների վրա: Մենք բոլորս ուզում ենք երեխայի նման քաղցր շնչառություն ունենալ: Բայց չնայած տարատեսակ թանկարժեք միջոցներին՝ շատերը տառապում են քրոնիկական հալիտոզով՝ բերանի տհաճ հոտով:

Բերանի ողողման շատ հեղուկներ միայն ժամանակավոր արդյունք են տալիս, իսկ առողջապահության ոլորտի փորձագետները նախազգուշացնում են, որ դրանք կարող են իրականում խորացնել խնդիրը եւ վնասել առողջությանը:

Հայտնի ապրանքանիշերի արտադրանքներն ալկոհոլ կամ քլորհեքսիդին են պարունակում, որոնք միայն թեթեւակի ծածկում են տհաճ հոտը, եւ մանրէներից բացի՝ ոչնչացնում են նաեւ բերանի առողջ բակտերիաները:

«Ամեն օր բերանի ողողման հեղուկի օգտագործումը մեծացնում է գլխի եւ պարանոցի քաղցկեղի առաջացման ռիսկը»,- ասված է Dental Journal ամսագրում հրապարակված հոդվածում:

Իսկ նոր հետազոտությունը, որի արդյունքները հրապարակված են Radical Biology And Medicine ամսագրում, ցույց է տվել, որ բերանի խոռոչը ողողելու հեղուկները կարող են մեծացնել կաթվածի եւ ինֆարկտի ռիսկը, որովհետեւ ոչնչացնում են «լավ» մանրէները, որոնք արյունատար անոթներին օգնում են թուլանալ, ինչը նպաստում է արյան ճնշման բարձրացմանը:

Բժիշկ Մել Ռոզենբերգը Թել-Ավիվի համալսարանից NewsMax Health-ին պատմել է, որ եթերային յուղերի եւ ջրի սեփական խառնուրդների հիմքով բերանի ողողման յուրահատուկ հեղուկ է մշակել, որը դեռ չի վաճառվում ԱՄՆ-ում:

Բայց այդպիսի արդյունք հնարավոր է ստանալ նաեւ ինքնուրույն՝ կոկոսի կամ ձիթապտղի յուղի միջոցով, ասում է բժշկական դպրոցի պրոֆեսոր Էլեն Քամին:

«Մի կաթիլ յուղը 3-5  րոպե պահեք լեզվի տակ,- խորհուրդ է տալիս նա:- Դա կօգնի վերականգնել լնդերի առողջությունը եւ կոչնչացնի վատ հոտ առաջացնող բակտերիաները՝ պահպանելով լավ բակտերիաները»:

Բերանի տհաճ հոտի պատճառներն են՝ ծխելը, ալկոհոլը, փչացած ատամները, լնդերի հիվանդությունը, շաքարով հարուստ սննդակարգը, դիաբետը, երիկամների եւ լյարդի հիվանդությունները:

Ատամները պարբերաբար ատամի խոզանակով եւ թելով մաքրելը կօգնի լավացնել շնչառությունը, ասում է ատամնաբույժ Լինն Գրիբանը Դեւենփորթից՝ Այովա: Պրոբիոտիկ հավելումները եւ յոգուրտը եւս նպաստում են հաճելի շնչառությանը, ասում է նա:

Իսկ եթե Դուք ճաշին սխտոր եք կերել եւ պատրաստվում եք հանդիպման գնալ, բժիշկ Գրիբանը խորհուրդ է տալիս մաղադանոս ուտել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում